19 մարտի 2021 - 13:59 AMT
Փորձագետ․ ԱՄՆ-ն, ի տարբերություն Ալիևի, չի համարում, որ ԼՂ խնդիրը լուծվել է

ԱՄՆ-ն, ի տարբերություն Ալիևի, չի համարում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվել է, ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետ Սուրեն Սարգսյանը։

Նա` հղում անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորանքին, հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահն ասել էր, թե որպես Մինսկի խմբի համանախագահ իրենք օգնելու են կողմերին գտնել «ԼՂ հարցով խաղաղ և տևական լուծում ու խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցումը՝ բարեկեցիկ և խաղաղ ապագա ապահովելու համար»։

Ըստ նրա՝ այժմ անենակարևորն այն է, թե «արդյոք Հայաստանի իշխանությունները համարում են, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է, թե՝ ոչ։ Հենց սրանից է կախված մեր պետության ապագան»։

Ըստ Սարգսյանի՝ Բայդենի ձևակերպումները հստակեցնում են ԱՄՆ դիրքորոշումն ու քաղաքական գիծը, ինչը ՀՀ-ի համար աշխատելու լայն ֆրոնտ է բացում:

«Այս նախադասությունից կարելի է մի քանի հետևություն անել․ ԱՄՆ-ն իր դիրքերը չի զիջելու որպես ՄԽ համանախագահ, ԱՄՆ-ն՝ ի տարբերություն Ալիևի, չի համարում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվել է, ըստ Բայդենի վարչակազմի, ձևավորված իրավիճակն ու իրողությունները չեն ապահովելու բարեկեցիկ և խաղաղ ապագա կառուցելուն»,-նշել է նա։

Մինսկի խումբը գլխավորում է Արցախյան հակամարտության խնդրի խաղաղ լուծման գործընթացը։ Համանախագահ երկրներն են՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ՌԴ-ն։