19 մարտի 2021 - 15:01 AMT
Morning Star․ Ալիևը պահանջում է ջնջել հայկական հետքը ԼՂ օկուպացրած տարածքում

Բրիտանական Morning Star-ը, անդրադառնալով Իլհամ Ալիևի այցին Հադրութի շրջան, գրել է, որ Ադրբեջանի նախագահը մարտի 17-ին խոստացել է ջնջել բոլոր հայկական հետքերը այն տարածքներից, որոնք հայտնվել են ադրբեջանական օկուպացիայի տակ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ տեղի ունեցած հակամարտության ավարտից հետո:

Պարբերականը նշել է, որ Ալիևը լուսանկարվել է օկուպացված Հադրութի շրջանում, որտեղ սպառնում էր ջնջել 12-րդ դարի եկեղեցու հայկական արձանագրությունները՝ դրանք անվանելով «կեղծ»:

«Ալիևը, որը պատմության գիտությունների դոկտորի աստիճան ունի, այցելելով Ծակուռի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայտարարել է, թե «հայերը ցանկացել են հայկականացնել եկեղեցին՝ հայկական արձանագրություններ թողնելով»։ Նա ասել է նաև, թե «եկեղեցին ախոռի է նման և աղբանոցի»՝ մեղադրելով հայերին, իր բնորոշոմամբ, «աղվանական եկեղեցին» պղծելու մեջ և խոստանալով վերականգնել այն»,-գրում է պարբերականը։

Հոդվածում նշվում է նաև, որ Ադրբեջանի «բռնապետ կառավարչի կողմից մշակույթի ոչնչացումը կարելի է համեմատել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետ, երբ օսմանյան զորքերը սիստեմատիկորեն բնաջնջեցին 1․5 միլիոն տղամարդկանց, կանանց ու երեխաների»:

Ըստ գնահատականների, 1915-1922 թվականներին ոչնչացվել է 1036 հայկական եկեղեցի և վանք:

Ադրբեջանը սպառնացել է ջնջել հայալեզու գրությունները Հադրութի XII դարի եկեղեցուց։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Ադրբեջանի հսկողության տակ անցած Հադրութի Ծակուռի գյուղի հայկական Սբ Աստվածածին եկեղեցին։ Նա հայտարարել է, թե հայերն «ուզում էին յուրացնել այն հայերեն գրություններ թողնելով»։