19 մարտի 2021 - 15:41 AMT
Մելքումյան․ ԲՀԿ-ն պատրաստ է ընտրություններին բոլոր տիպի ընտրակարգերով

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն պատրաստ է ընտրություններին բոլոր տիպի ընտրակարգերով։

«ԲՀԿ-ն ինչպես ասել էր` աշնանն էլ, դեկտեմբերին էլ, մենք բոլոր պարագաներում պատրաստ ենք ընտրությունների»,- ասել է նա՝ հավելելով, որ բոլոր տիպի ընտրակարգերով, կլինի դա համամասնական, թե վարկանիշային, իրենք միշտ պատրաստ են, գրում է Panorama.am-ը։

«Մեր կառույցների հետ արդյունավետ կապ ենք պահում և աշխատում ենք: Մենք մեր թիմերով, նաև անձամբ լինում ենք մարզերում, վաղն էլ ենք գնալու, այնպես որ, որևէ խնդիր չենք տեսնում: Այսօր հիմնականում պիտի արձանագրենք, որ հանգուցալուծումը մոտ է և մնում է արժանապատիվ գնալ այդ ընտրություններին»,- կարծիք է հայտնել պատգամավորը:

Ըստ Մելքումյանի, ժողովուրդը լուրջ հնարավորություն ունի ձևավորելու իշխանություն և կառուցելու այն Հայաստանը, որի մասին հայ ժողովուրդը միշտ երազել է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hունիսի 20-ին ՀՀ-ում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։Նա այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ հունիսի 20-ը որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր ընդունելի է ԼՀԿ համար։