22 մարտի 2021 - 17:48 AMT
Հարցում․ Եվրոպացիները սկսել են ավելի քիչ վստահել AstraZeneca-ի պատվաստանյութին

Եվրոպայի մի շար երկրներոմ նվազել է վստահությունը կորոնավիրուսի դեմ բրիտանա-շվեդական արտադրության AstraZeneca պատվաստանյութի հանդեպ։ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Իտալիայի բնակիչների մեծ մասը չի համարում, որ այդ պատվաստանյութն անվնաս է։ Այդ են վկայում բրիտանական YouGov ինստիտուտի հարցման արդյունքները։

Ըստ դրանց՝ մեկ ամսում գերմանացիների վստահությունն AstraZeneca-ի հանդեպ նվազել է 15 տոկոսով և կազմել է 55%։ ԳԴՀ բնակիչների միայն 32%-ն է այդ պատվաստանյութն անվնաս համարում, գրում է Deutsche Welle-ն։

Ֆրանսիայում AstraZeneca-ի հանդեպ վստահություն չունի բնակչության 61%-ը, Իսպանիայում և Իտալիայում՝ մոտ 40%-ը։

Իսկ Մեծ Բրիտանիայում հակառակ պատկերն է՝ բնակչության երկու երրորդը նախկինի պես վաստհ է, որ AstraZeneca-ն անվնաս է կիրառման համար։

Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպնիան և մի շարք այլ երկրներ վերսկսում են պատվաստանյութի կիրառումը Եվրոպայի դեղամիջոցների գործակալության (ЕМА) եզրակացությունից հետո, որը հետազոտել է պատվաստանյութով պատվաստվելուց հետո տրոմբերի առաջացման դեպքերը։

BioNTech/Pfizer և Moderna պատվաստանյութերի մասով վստահության մակարդակն անփոփոխ է։

ԵՄ-ում և Մեծ Բրիտանիայում արդեն 17 մլն մարդ է պատվաստվել AstraZeneca-ի դեղաչափով։ Վերջին օրերին պատվաստվածների շրջանում տրոմբերի առաջացման մոտ 40 դեպք է գրանցվել։ Ըստ ЕМА-ի՝ դա ավելի չէ, քան ընդհանուր առմամբ բնակչության շրջանում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը ևս ձեռք է բերելու AstraZeneca-ի պատվաստանյութը։ Պատվաստվելու է բնակչության 3 տոկոսը։ Նախատեսվում է, որ առաջին փուլում կպատվաստվեն ծերանոցների բնակիչները, բուժաշխատողները, սոցկենտրոնների աշխատակիցներն ու 65-ն անց անձինք, ինչպես նաև 16-34 տարեկան քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ։