22 մարտի 2021 - 17:49 AMT
Բադասյան․ Կարծում եմ՝ ՀՀ-ին ավելի հարմար է մաքուր համամասնական ընտրակարգը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարծում է, որ քաղաքական ուժերի, հասարակության շրջանում կոնսենսուսի առկայության պայմաններում, եթե Ընտրական օրենսգրքի փոփոխությունները տեղի ունենան հնարավորինս արագ, ապա որևէ խոչընդոտ չի լինի, որ հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններն իրականացվեն մաքուր համամասնական համակարգով։

«Մենք համապատասխան դիրքորոշումը կարտահայտենք: Բայց կարծում եմ, որ երկար ժամանակ թե քաղաքական ուժերի շրջանում, թե քաղհասարակության դիրքորոշումը, թե մեր հանրության մեծամասնության դիրքորոշումը՝ իմ զգացողությամբ, այն է, որ ռեյտինգային համակարգը ամենահարմար համակարգը չէ ՀՀ-ի համար: Տարիներ շարունակ ռեյտինգային համակարգը համարվել է քողարկված մեծամասնական համակարգ: Իսկ մեզ նման երկրի համար, կարծում եմ, ավելի ճիշտ է, ավելի քաղաքական է ու ավելի նպաստում է քաղաքական բանավեճի կայացմանը, երբ լինում է մաքուր համամասնական համակարգ: Եվ այս մասով մենք քննարկումները շարունակում ենք»,- ասել է Բադասյանը, փոխանցում է «Ազատությունը»:

Պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է հասցնել մինչև հունիսի 20-ն Ընտրական նոր օրենսգիրք ընդունել՝ նախարարը նշել է, որ դա «տեխնիկապես հնարավոր է ընդունել շատ արագ»:

Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Նման որոշման մասին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մարտի 18-ին՝ խորհրդարանական ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ քննարկումից հետո։