22 մարտի 2021 - 17:50 AMT
ՔՈ․ Տրամադրված ենք մասնակցելու ԱԺ արտահերթին ուժերի գերլարումով

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը չի պատրաստվում «ընկրկել վատ պայմանների առաջ և մեկուսացած սպասել արդար կանոնների հաստատմանը», կուսակցությունը տրամադրված է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին բոլոր ուժերի գերլարումով «քանի դեռ Հայաստանում կառավարման հարցը վճռվում է քաղաքացու կամքով»։

Կուսակցությունից նշել են, որ քաղուժերի միջև բանակցությունները և հունիսի 20-ին ընտրություն անցկացնելու որոշումը ճգնաժամը լուծելու փորձ են, սակայն դա չի բերելու ճգնաժամի խորքային հաղթահարման և «հղի է նոր վտանգներով»:

«Այդ վտանգները առավել սուր են դառնում՝ հաշվի առնելով, որ չեն կատարվել սահմանադրական փոփոխություններ, ուժի մեջ է մնում կայուն մեծամասնության նորմը, օլիգարխիան հակառակ 2018-ի ժողովրդական պահանջի հեռացված չէ քաղաքական կյանքից, կուսակցությունները չեն առողջացվել, իսկ կառավարող ուժն արդեն երկրորդ անգամ է առանց ընտրական օրենսգիրքը փոխելու հայտարարում ընտրություններ անցկացնելու մասին։ Նոր ընտրական օրենսգրքի ընդունումը կարող է լինել այն նվազագույնը, որ դեռ հնարավոր է անել համեմատաբար առավել արդար և բնույթով քաղաքական ընտրություններ ունենալու համար»,- հայտարարել են կուսակցությունից։

ՔՈ-ից հավելել են, որ ընտրությունները կազմակերպողն ունի բոլոր հնարավորությունները և պարտավոր է ընդունել ընտրական նոր օրենսգիրքը։

Հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են սպասվում։ Նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո ՀՀ-ում քաղուժերը պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաժարականը։ Ավելի վաղ «Իմ քայլից» հայտարարել էին, թե չկա ընտրությունների անցկացման հանրային պահանջ։