Ազիզյան․ Արաքսի ջրային ռեսուրսները նվազել են` Թուրքիայում ջրամբարաշինություն է

Ազիզյան․ Արաքսի ջրային ռեսուրսները նվազել են` Թուրքիայում ջրամբարաշինություն է

PanARMENIAN.Net - Արաքս գետի Արաքս-Ախուրյան հատվածում ջրային ռեսուրսների խնդիր կա՝ պայմանավորված Թուրքիայում ջրամբարաշինությամբ: Այդ մասին տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը:

«Պատահական չէ, որ այսօրվա դրությամբ Ախուրյանի ջրամբարում 2020-ի համեմատ 100 միլիոն խմ պակաս ջուր ունենք: Սկսած 2012 թվականից՝ Թուրքիայում ջրամբարաշինությամբ պայմանավորված Արաքս գետի ջրային ռեսուրսները զգալիորեն՝ մոտ 30-40 տոկոսով նվազել են»,- նշել է նա, գրում է Panorama.am-ը։

Ազիզյանը նշել է նաև, որ լուրջ խնդիր է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջրային ռեսուրսների խոցելիությունը, քանի որ ջերմաստիճանի շարունակական աճ է գրանցվում 1994 թվականից ի վեր։ Նա հավելել է, որ ամեն տարի ջերմաստիճանը նորմայից բարձր է, լեռնային շրջաններում տեղումները հիմնականում անձրևի տեսքով են, ձնակուտակման պրոցես քիչ է լինում:

«Կանխատեսումների համաձայն՝ 2040 թվականին ունենալու ենք ջրային ռեսուրսների խոցելիություն՝ նորմի նկատմամբ նվազում մոտ 15 տոկոս, 2070-ին՝ 20-25 տոկոս նվազում, 2100-ին՝ կանխատեսվում է մոտ 35-40 տոկոս նվազում»,- ասել է նա:

Ազիզյանն ընդգծել է, որ ջրի ամեն մի կաթիլ պետք է խնայողաբար օգտագործել:

ՀՀ տարածքում ձևավորվում է մոտ 7 մլրդ խմ ջրային ռեսուրս, սակայն կառավարվում է դրա չնչին՝ 10-15 տոկոսը։ Ախուրյանի գետահովտում դեռ 1985 թվականից նախատեսված է Կապսի ջրամբարի կառուցում։ Շինարարության առաջին փուլով նախատեսվում է 25 մլն խմ տարողությամբ ջրամբարի շինարարություն, երկրորդը ենթադրում է մինչև 60 մլն խմ տարողունակությամբ ջրամբարի կառուցում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---