ENNHRI-ը` ԱԺ նախագահին. ՄԻՊ ֆինանսավորման երաշխիքը Եվրոպայում լավագույն փորձն է և պետք է պահպանվի

ENNHRI-ը` ԱԺ նախագահին. ՄԻՊ ֆինանսավորման երաշխիքը Եվրոպայում լավագույն փորձն է և պետք է պահպանվի

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) նախագահ Քերոլայն Ֆենելին բաց նամակ է հղել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ նշելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի ֆինանսավորման երաշխիքը Եվրոպայում լավագույն փորձն է և պետք է պահպանվի։

Նամակում նշված է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ունի միջազգային «A» կարգավիճակ, որը վերջին անգամ ստացել է 2019 թվականի մարտ ամսին, քանի որ ամբողջությամբ համապատասխանում է ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներին: Նամակում ընդգծված է, որ Հավատարմագրման (ակրեդիտացիայի) ենթահանձնաժողովը կարող է նախաձեռնել հատուկ ստուգում, որի արդյունքում կարող է պարզվել, որ Մարդու իրավունքների ազգային հաստատության պայմաններն այնպես են փոփոխվել, որ բացասական ազդեցություն ունեն ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներին համապատասխանության վրա, տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը։

Սա նշանակում է, որ առաջարկվող փոփոխության հետևանքով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կարող է զրկվել «A» կարգավիճակից, որը մեխանիկորեն կզրկի Պաշտպանին ելույթներից ՄԱԿ-ի կառույցներում՝ բարձրացնելով երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցեր, ինչպես նաև ընտրելու և ընտրվելու միջազգային կառույցների ղեկավար պաշտոններում (այս պահին բոլոր այդ հնարավորություններից հաստատությունն օգտվում է)։

Բաց նամակում Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցն այս երաշխիքի հարցը դիտարկել է այն համատեքստում, որ ավելի վաղ ՀՀ ՄԻՊ հաստատությունից կառավարության որոշմամբ վերցվել են մեքենաներ, ինչը բացասական է ազդում Օմբուդսմենի ռեսուրսների և հեղինակության վրա։

Ըստ ENNHRI-ի նախագահի՝ առկա գործընթացը և առաջարկվող փոփոխությունը մտահոգություններ են առաջացրել նաև այն տեսանկյունից, որ անհրաժեշտ էին Մարդու իրավունքների ազգային հաստատությունների և հասարակության հետ նախնական ու բովանդակալից խորհրդակցություններ։

Ավելին, Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի նախագահը հատուկ ընդգծել է, որ թեև պատշաճ ֆինանսավորումը մասամբ որոշվում է պետության ընդհանուր ֆինանսական վիճակի հաշվառմամբ, այնուամենայնիվ նույնիսկ ֆինանսական խիստ անբավարար պայմաններում, պետությունները պարտավոր են պաշտպանել հասարակության առավել խոցելի այն անդամներին, որոնք հաճախ են դառնում մարդու իրավունքների խախտումների զոհ:

Նշվում է, որ իշխանության համապատասխան մարմինները պարտավոր են խորհրդակցել մարդու իրավունքների ազգային հաստատության հետ՝ հասկանալու համար՝ ինչ է նշանակում պատշաճ ֆինանսավորում, և որոշումները պետք է հիմնված լինեն օբյեկտիվ չափանիշների վրա։

ENNHRI նախագահը Մրզոյանին կոչ է արել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի փոփոխությունը դիտարկել վերաբերելի միջազգային չափանիշների ամբողջական դիտարկման համատեքստում՝ երաշխավորելու այն, որ ՄԻՊ-ը կարողանա շարունակել իր արդյունավետ և անկախ աշխատանքը:

Մարտի 11-ին հայտնի դարձավ, որ Կառավարության որոշմամբ կարող է կրճատվել ՄԻՊ ֆինանսավորումը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առարկություններ է ներկայացրել Ֆինանսների նախարարությանը, որով իր անհամաձայնությունն է հայտնել Կառավարության առաջարկած փոփոխություններին։ Freedom House-ը հայտարարել է, որ Կառավարության նախագիծն ընդունվելու դեպքում կխաթարի ՄԻՊ անկախությունը և կխոչընդոտի կառույցի գործունեությանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---