Արցախի ԱԺ նախագահը՝ ՄԱԿ-ին, ՅՈւՆԵՍԿՕ-ին և ԵԱՀԿ-ին․ Բաքուն «ալբանականացնում» է հայ եկեղեցիները

Արցախի ԱԺ նախագահը՝ ՄԱԿ-ին, ՅՈւՆԵՍԿՕ-ին և ԵԱՀԿ-ին․ Բաքուն «ալբանականացնում» է հայ եկեղեցիները

PanARMENIAN.Net - Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կոչ է ուղղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ կանխելու հայկական հուշարձանների և հոգևոր ժառանգության ոչնչացումն ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում։

Դրանում նշվում է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանի կողմից պետական մակարդակով նոր թափով իրագործվում է հայ առաքելական եկեղեցիների «ալբանականացման» կեղծ թեզի լեգիտիմացման, հայկական հոգևոր ժառանգության յուրացման, պղծման, առանձին դեպքերում նաև՝ հիմնահատակ ոչնչացման քաղաքականություն:

«Դատապարտելի են Ադրբեջանի կողմից հայկական առաքելական եկեղեցիների ալբանականացման հեռահար նպատակով դրանք վերանորոգելու, հայալեզու արձանագրությունները վերացնելու մասին պետական ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի՝ միջազգային պայմանագրային և սովորութային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ ուղեկցվող ինստիտուցիոնալ այս քաղաքականության նպատակը հայկական պատմական հիշողության և մշակութային ներուժի ոչնչացումը և հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության յուրացումն է»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ Արցախի ՄԻՊ գրասենյակի կողմից համապարփակ զեկույց է պատրաստվել՝ Արցախի` Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի և հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգի վերաբերյալ։

«Մեծապես կարևորում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ՌԴ և Ֆրանսիայի մտահոգություններն Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության հետագա ճակատագրի շուրջ, գործնական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը և միջազգային մասնագիտացված կառույցների ներգրավման կարևորության մասին հայտարարությունները:

Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության հնարավորինս արագ իրականացումն Արցախում և հարակից շրջաններում:

Ադրբեջանը քաղաքականացնում և խոչընդոտներ է ստեղծում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջարկված տեխնիկական աջակցման փաստահավաք առաքելության իրականացման համար՝ այսպիսով կասկածի տակ առելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնարար դերը և համամարդկային նշանակությունը

․․․Ակնկալում ենք միջազգային իրավունքի համապատասխան իրավական նորմերի շրջանակներում կանխման գործողություններ»,-ասվում է հայտարարության մեջ:

ԱԺ նախագահը կոչ է արել անհապաղ, գործուն և շարունակական քայլեր ձեռնարկել արդյունավետ մեխանիզմների մշակման հարցում՝ նպաստելու Ադրբեջանի կողմից այլ ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների կատարմանը:

«Հիշեցնում ենք, որ հակամարտության կարգավորումը, տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությունն անհնար է առանց Ադրբեջանի կողմից օկուպացված և փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության, այդ թվում՝ բոլոր հնարավոր միջոցներով մշտադիտարկման կազմակերպման՝ կանխելու համար հայերի էթնիկ զտման նպատակով իրականացրած գործողությունները»,-ասվում է հայտարարության մեջ:

Արցախի՝ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի 12-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին որպես ալբանական ներկայացնելը, Շուշի քաղաքում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ավիրումն Ադրբեջանի քաղաքականության ամենավերջին օրինակներն են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---