Հակոբյան․ ՍՈւ 30-ները կարող էին նաև եղած սպառազինությամբ կիրառվել

Հակոբյան․ ՍՈւ 30-ները կարող էին նաև եղած սպառազինությամբ կիրառվել

PanARMENIAN.Net - ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը կրկին հայտարարել է, որ Արցախի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերը» կիրառվել է և դա փաստ է։

«Այն չի կարող կիրառվել ու չպայթել, իսկ կրած վնասների մասին կարող է տեղեկություններ տրամադրել միայն հակառակորդը»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նրա խոսքով, այն տարածքը, որի վրա կիրառվել է «Իսկանդերը», հեռու տարածությունից լավ տեսանելի չէ, բացի այդ օրը եղել է ամպամած, ինչը ևս տեսանելիության խնդիր է առաջացրել, ուստի պայթյունից առաջացած վնասների մասին կարող է խոսել միայն հակառակորդը, եթե իհարկե հայկական կողմն այդ տարածքները հետագայում հետ չի բերել։

«Իսկ ես գիտեմ, որ այդ տարածքը, որի վրա կիրառվել է «Իսկանդերը», մենք հետ չենք բերել, ու հետևանքների մասին չենք կարող խոսել։ Եվ իմ հայտարարությունը, որ վնասների մասին տեղեկություն կարող է հայտնել միայն Ադրբեջանը, սրանով է պայմանավորված։ Ուրիշ մարդ չի կարող արդյունքների մասին ասել»,- նշել է նա։

Անդրադառնալով ՍՈւ-30-ների գնմանը առանց հրթիռների՝ Հակոբյանն ասել է, որ ՍՈւ 30-ները կարող էին նաև եղած սպառազինությամբ կիրառել, տեղեկացնում է Panorama.am-ը։

«Քանի որ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում անդրադարձել է «ՍՈւ 30»-ներին, ապա ասել, որ չեն հասցրել հրթիռները ձեռք բերել, դա երեխայական հայտարարություն է։ ՍՈւ 30-ները կարող էին նաև առկա, եղած սպառազինությամբ կիրառել, ինչո՞ւ չեն արել։ Սպառազինության մի քանի տեսակ չկար, բա մյուսնե՞րը, որոնք մեր երկրի ավիացիան կիրառում է»,- հարց է հնչեցրել նա։

Մովսես Հակոբյանը նշել է, որ դատախազությունը պետք է ստուգի և բացահայտի այն երեք պարամետրերը, որ պետք է ունենա ՍՈւ 30-ը՝ որպես բազմաֆունկցիոնալ ավիացիոն համակարգ։

«Ւմ ունեցած տեղեկություններով՝ այդ ֆունկցիաներից մեկը չունի, որը կարող է և պատճառ է հանդիսացել, որ ինքնաթիռի անձնակազմը չի թռել։Մենք ընդհանրապես պետք է անդրադառնանք մեր ավիացիայի կիրառմանը. մենք բավականին մեծ գումար ենք ծախսել բանակի ավիացիայի վրա։ Մեր բանակի ավիացիան ավելի շատ գումար է ծախսում, քան ամբողջ բանակը միասին վերցրած։ Մեր ավիացիայի անձնակազմի աշխատավարձն ավելի շատ է, քան երրորդ բանակային կորպուսի ամբողջ անձնակազմի աշխատավարձը»,- ասել է նա։

Նա հարց հնչեցրել, թե ո՞ւր էր ավիացիայի անձնակազմը, և ինչո՞ւ են առաջին թռիչքները պահեստազորայինների կողմից իրականացվել։ Մովսես Հակոբյանը նկատել է՝ չի կարելի ունենալ այսպիսի ավիացիա, կողքին նկարվել ու ժողովրդին փորձել խաբել. դրա պատասխանը պետք է տրվի։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կրակած Իսկանդերը չի պայթել կամ պայթել է 10%-ով։Փաշինյանի հայտարարությունը լայն արձագանք էր ստացել նաև ռուսական լրատվամիջոցներում։ Մասնավորապես, ընգծվում էր, թե ՀՀ վարչապետը կասկածի տակ է դրել ռուսական զենքի արդյունավետությունը։ Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ից հայտարարել էին, որ Արցախում Իսկանդեր-Մ տեսակի զենք չի օգտագործվել։Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն, արձագանքելով դրա, ասել է, որ Փաշինյանը առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն «Իսկանդերի» հետ կապված իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---