Նոր Continental GT Speed՝ Bentley-ի պատմության ամենադինամիկ սերիական մեքենան

Նոր Continental GT Speed՝ Bentley-ի պատմության ամենադինամիկ սերիական մեքենան

PanARMENIAN.Net - Bentley Motors-ը ներկայացնում է նոր Continental GT Speed-ը՝ ամենադինամիկը Bentley-ի բոլոր ճանապարհային մեքենաներից, որ թողարկվել են ընկերության գոյության 101 տարում։ Մոդելն անհավանական հզորություն ունի և իրավամբ կարող է համարվել Grand Touring դասի էտալոնային նմուշ։

Նախագծումը, մշակումը, արտադրությունն ու ձեռքի աշխատանքը ոսկերչական ճշգրտությամբ կատարվում են Bentley մեքենաների արտադրության ածխաջրածնային-նեյտրալ գործարանում։ Երրորդ սերնդի Continental GT նոր տարբերակն ի ցույց է դնում Speed շարքի բազմամյա ավանդույթները, որը մեկնարկել է 2007-ին և ոգեշնչված է 3 լիտրանոց շարժիչ ունեցող 1920-ականների մոդելներով։ Նոր GT Speed-ը շարունակում է շարքի ավանդույթները և առաջարկում Grand Touring դասի համար անգերազանցելի շքեղության և հզորության համադրություն։

Bentley Motors-ի վարչության անդամ Մաթիաս Ռաբեն (Matthias Rabe), որը պատասխանատու է ինժեներիայի համար, նշել է․

«Continental GT Speed-ն իրավամբ կարող է բարձագույն նվաճում համարվել Grand Touring հզոր մեքենաների դասում։ Նոր մոդելը մյուսներից ավելի վառ է արտահայտում Continental GT շարքի արժեքները։ Հուզական և դինամիկ լինելով՝ այն ունի Speed շարքի եզակի տարրերը, որոնք առավել հզորացնում են մեքենան վարելու հաճույքը և ավելի շատ հնարավորություններ առաջարկում այն հնազանդեցնելու համար։

Grand Touring դասի աշխարհի ամենաշքեղ ներկայացուցիչն անհավանական բազմազանություն է ձեռք բերել, իսկ դրա նոր, առավել սպորտային բնույթն անտարբեր չի թողնի հզորության իրական գնահատողներին։ Speed տարբերակը նոր էջ է բացում Continental GT-ի պատմության մեջ՝ Bentley-ի սեփականատերերին առաջարկելով էլ ավելի անմոռանալի ճամփորդությունների եզակի հնարավորություն»։

Continental GT Speed` աներևակայելի արդյունավետ

Նոր GT Speed-ը Bentley-ի անկրկնելի «Գրան-տուրերի» բացառիկ տարբերակ է՝ շեշտված արտադրողականությամբ, որին հատուկ են այդ ընտանիքի մյուս ներկայացուցիչների շքեղությունը, հարմարավետությունն ու պրակտիկությունը։ Մոդելն ունի Bentley-ի 6,0 լիտրանոց W12 արդիականացված շարժիչ, որը զարգացնում է մինչև 659 ձ/ու հզորություն, ինչը 4%-ով կամ 24 ձ/ու-ով գերազանցում է W12-ի գործող տարբերակի ցուցանիշը։ Զուգահեռ ապահովվում է անհավանական բարձր 900 Նմ պտտող մոմենտ։ Բացառիկ կառավարելի լինելով՝ նոր սերնդի GT Speed-ը զարգացնում է առավելագույնը 335 կմ/ժ արագություն և 100 կմ/ժ արագություն է հավաքում 3.6 վայրկյանում (նախորդից 0.1 վ արագ)։

Շարժիչի և տրանսմիսիայի կարգաբերումները լիովին համապատասխանում են վարորդի հարմարավետությունն ապահովող մեքենայի բնույթին։ Դա առավել տեսանելի է Sport ռեժիմում, որի դեպքում կրկնակի տուրբոմղիչով W12 շարժիչն ավելի երկար է պահպանում հզորության աշխատանքային դիապազոնը՝ հապաղելով անցնել ավելի բարձր փոխանցման կամ կանխավ միացնելով ցածր փոխանցումը։ Դա կառավարմանն ավելի անմիջական արձագանք է ապահովում դրոսելային սահափականի միջոցով։

Speed շարքի ոգուն համահունչ կրկնակի կցորդիչով 8 աստիճան ունեցող փոխանցումատուփը Sport ռեժիմում երկու անգամ ավելի արագ է գործում, քան W12 ստանդարտ շարժիչի դեպքում։ Դա ուղեկցվում է ավելի բարձր ձայն արձակող արտանետումով՝ գործարկման և ավելի ցածր փոխանցումների անցնելիս։

Առավել արդյունավետության հասնելու համար նոր մոդելում կիրառվել է Bentley «ստոպ-ստարտ» տեխնոլոգիան, որը խլացնում է շարժիչը ոչ միայն կայանած մեքենայում, այլև կանգին մոտ ցածր արագությունների դեպքում։

Անհրաժեշտության դեպքում Bentley-ի մշակած Bentley’s Variable Displacement համակարգը կարող է անջատել 12 մխոցից 6-ը՝ վարորդի համար աննկատ վերաբաշխելով ծանրաբեռնվածությունը։ Ընդ որում, որոշ մխոցներում անջատվում են նաև ներհոսքի և արտահոսքի կափույրները, ինչպես նաև դադարում է վառելիքի ներհոսքն ու այրվող խառնուրդի բոցավառումը, որի հետևանքով շարժիչն աշխատում է որպես 6 մխոցանի՝ ապահովելով վառելիքի բարձր տնտեսում։

Թափքի դիզայնը․ GT Speed բնույթի արտացոլում

Continental GT-ի աթլետիկ գծերը GT Speed տարբերակում առավել հստակ են արտահայտվել։ Էքստերիերի եզակի դետալները լրացնում են հզոր սպորտային կերպարը, համադրվելով անկաշկանդ նրբագեղության հետ, որը հատուկ է այդ շարքի բոլոր մոդելներին։

Speed տարբերակում ռադիատորի վանդակաճաղը, բամպերի (թափարգել) ստորին վանդակաճաղը և ռադիատորի միջուկը Dark Tint գույնի են։ Բացի այդ, մոդելն ունի բնորոշ, ավելի ծավալուն սպորտային շեմեր և էլեգանտ, քրոմից պատրաստված Speed գրությամբ վահանակ առջևի թևին։

Եվս մեկ բացառիկ առանձնահատկություն՝ բաց արծաթագույն 22 դյույմանոց Speed սկավառակները, որոնց դեպքում որպես լրացուցիչ օպցիա կարելի է ընտրել մուգ մոխրագույն (Dark Tint) կամ փայլուն սև (Black Gloss) գույները։ Ստանդարտ կոմպլեկտացիայի մեջ են մտնում նաև վառելիքի բակի և յուղի լցոնիչի կափարիչները, որոնք պատրաստված են ալյումինից (Jewel), իսկ Bentley լուսավորված վրադիրները շեմերին հիշեցնում են Speed շարքի հզոր բնութագրի մասին։

Եզակի և շքեղ սրահ

Նոր Continental GT Speed-ի սրահը վկայում է աշխարհի ամենանրբաճաշակ ավտոմոբիլային ինտերիերների ստեղծման գործում Bentley-ի փորձի և վարպետության մասին։ Ձեռքի աշխատանքը համադրված է եզակի մշակմամբ և տարրերով, որոնք հասանելի են միայն Speed տարբերակի համար։ Ընդ որում, հաճախորդը կարող է անհատականացնել դրանք ըստ իր անձնական նախապատվությունների։

Continental GT Speed-ի բացառիկությունն արտացոլվել է նաև եզակի երկգույնանի ձևավորման մեջ, կատարված կաշվից և այն հիանալի լրացնող Alcantara նյութից, որով երեսպատված է նաև ղեկանիվը։ Թափքի դիզայնում օգտագործված տարբերանշանները համադրվում են առջևի պանելի ուղևորի կողմից տեղադրված Speed էլեգանտ նշանի հետ։

Շքեղ ինտերիերը կարող է անհատականացվել հաճախորդի ցանկությամբ, որի ընտրությանն է առաջարկվում կաշվի 15 հիմնական և 11 լրացուցիչ գույն, ինչպես նաև Alcantara նյութը կաշվով փոխարինելու հնարավորություն՝ Speed շարքի մոդելների երկգույնանի ձևավորման դեպքում։ Կենտրոնական կոնսոլը Dark Tint գույնի նոր ձևավորում ունի , որը կատարված է հղկված ալյումինի կիրառմամբ։ Դա երկրաչափական իդեալական մշակված մակերես է նուրբ նախշով։

Bentley-ի «շեղանկյունը շեղանկյունի մեջ» նախշով ձևավորումն ընդգրկված է բազային հագեցվածության մեջ։ Continental GT-ի այդ տարբերակի ևս մեկ առաձահատկություն են Speed շարքի ասեղնագործ նախշով գլխակալները։

GT Speed համար առաջարկվում են շպոնով ձևավորման բազում տարբերակներ, այդ թվում Piano Black սև գույնի, որը հասանելի է բազային տարբերակում։ Հաճախորդները կարող են անվճար ընտրել ձևավորման ներկայացված նյութերից ցանկացածը՝ ընկուզափայտ (Crown Cut), մուգ տոգորապինդ ընկուզափայտ (Dark Stained Burr) և էվկալիպտ (Dark Fiddleback)։ Կա նաև երեք տարբերակ բաց ծակոտիներով՝ մուգ ընկուզափայտ (Dark Burr), ընկուզափայտ (Crown Cut) և ակացիա (Koa), որոնք արդեն առաջարկվում են որպես լրացուցիչ օպցիա։

Continental GT ընտանիքի մյուս անդամների պես Speed տաբերակը չորստեղանի կոնֆիգուրացիա ունի և Grand Touring դասի բոլոր ներկայացուցիչներին հատուկ 358 լիտր ծավալով տարողունակ բեռնախցիկ։ Նրբաճաշակ դետալներ, բարձր տեխնոլոգիական սարքերի պանել և Bentley-ի հանրահայտ շրջվող դիսփլեյ՝ այս ամենի շնորհիվ նոր Continental GT Speed-ն, անկասկած, Continental GT շարքի ամենաարդյունավետ և բազմակողմանի ավտոմեքենան է։

Bentley Motors-ը շքեղ դասի ավտոմեքենաների աշխարհի ամենապահանջված բրենդն է։ Ընկերության գործարանն ու կենտրոնակայանը գտնվում են Անգլիայի Քրյու քաղաքում։ Այստեղ է կենտրոնացած ընկերության հիմնական գործունեությունը՝ ներառյալ դիզայներական լուծումների ստեղծումը, գիտական հետազոտություններն ու մշակումները, ինչպես նաև ավտոմեքենաների չորս մոդելային շարքերի՝ Continental, Flying, Spur և Bentayga, նախագծումն ու արտադրությունը։

Շքեղ դասի ավտոմեքենաների բրիտանական բրենդերը, որոնցից մեկը Bentley-ն է, եզակի են նրանով, որ համադրում են ձեռքի հմուտ աշխատանքը, որի ավանդույթները փոխանցվում են սերնդեսերունդ, ինժեներական փորձի և առաջատար տեխնոլոգիաների հետ։ Ընկերությունը պահպանել է պերճանքի իրերի բրիտանացի արտադրողների լավագույն ավանդույթները։ Քրյուում գտնվող Bentley-ի գործարանում մոտ 4000 մարդ է աշխատում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---