ԱԽ քարտուղար․ Գասպարյանը հոկտեմբերի 19-ին է ասել, որ պետք է դադարեցնել պատերազմը

ԱԽ քարտուղար․ Գասպարյանը հոկտեմբերի 19-ին է ասել, որ պետք է դադարեցնել պատերազմը

PanARMENIAN.Net - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով իր պնդմանը, թե գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն ԱԽ նիստում պատերազմը դադարեցնելու մասին ռազմական գործողությունների չորրորդ օրը չի ասել, այլ ավելի ուշ, նշել է, որ նիստն ամբողջությամբ արձանագրված է և դա եղել է հոկտեմբերի 19-ին։

«Իմ հայտարարությունը հիմնված է փաստաթղթերի և արձանագրությունների վրա: Անվտանգության խորհրդի այդ նիստն ամբողջությամբ արձանագրված է, և այն, ինչ ես ասել եմ, արձանագրված է և փաստացի կա: Պատմության տեսանկյունից, կարծում եմ, որ եթե հնարավորություն լինի դա հրապարակելու, ապա միանշանակ հաստատվելու են բոլոր թեզերը, որոնք ես ասել եմ»,- հայտարարել է նա, տեղեկացնում է Factor.am-ը։

Գրիգորյանի խոսքով՝ ԱԽ նիստում պատերազմը դադարեցնելու մասին քննարկում առաջին անգամ եղել է հոկտեմբերի 19-ին:

«Այդ նիստում է հնչել միտքը, թե մեր կարողությունները 2-3 օրվա մեջ չեն ձգելու: Ի դեպ, այդ նիստին մասնակցել են նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները»,- նշել է Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարի խոսքով՝ սլաքները դեպի Զինված ուժեր ուղղելու որևէ նպատակ չկա։

«Եթե մենք ուզում էինք սլաքներն ուղղել դեպի Զինված ուժեր, ապա այդ զեկույցը մենք կպատրաստեինք և սլաքները կուղղեինք դեպի ԶՈւ: Որևիցե նման նպատակ չունենք, չենք ունեցել և չենք ունենա: Մեղավորներ եկեք չփնտրենք: Անհրաժեշտ է, որ Զինված ուժերը պատրաստեն համապարփակ զեկույց պատերազմի մասին, և մենք հանգամանալից հանրության հետ կխոսենք»,- նշել է Գրիգորյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու իշխանություններն ուշ արձագանքեցին Գասպարյանի հայտարարություններին և ուշ հերքեցին նրա խոսքերը, թե ռազմական գործողությունների չորրորդ օրն է առաջարկել դադարեցնել պատերազմը՝ Գրիգորյանն ասել է, որ հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը, ընդհանուր անվտանգային միջավայրը, գտել են, որ ավելի լավ է կենտրոնանալ բանակի բարեփոխումների վրա։

«Քանի որ այս պահին այդ հայտարարությունը որևէ ձևով բանակի բարեփոխումների վրա չի ազդելու, և մենք անվտանգային մեր աշխատանքը կատարելու ենք, նոր փորձել ենք պարզաբանումներ մտցնել: Սա, ի դեպ, հանրային մակարդակում ամենաշահարկված թեման է. չկա մեկ քաղաքական գործիչ, որ այդ մասին խոսած չլինի, ինչ-որ ձևով շահարկած չլինի, դրա համար անհրաժեշտություն կար պարզաբանում մտցնելու»,-ասել է նա:

2020թ․ նոյեմբերի իր հայտարարության մեջ ԶՈւ գլխավոր շտաբ պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, որ պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է, որ հարկավոր է որքան հնարավոր է արագ կասեցնել պատերազմը։ «Ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»,-ասել էր նա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---