ԱԳՆ․ Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի կողմից մշակութային ցեղասպանության դադարեցման համար

ԱԳՆ․ Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի կողմից մշակութային ցեղասպանության դադարեցման համար

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով և խստորեն դատապարտելով Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման փաստը, նշել է, որ միջազգային հանրությունը պետք է օր առաջ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի կողմից մշակութային ցեղասպանության դադարեցման և դատապարտման ուղղությամբ։

Նա նաև առավել անհանգստացնող է որակել ադրբեջանական ղեկավար շրջանակների կողմից այս բարբարոսությունը հիմնավորելու փորձերը։

«BBC լրատվական ծառայության կողմից շրջանառության մեջ դրվեցին տեսանյութեր՝ փաստելով Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ավերումը, որը տեղի է ունեցել շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվելուց հետո: Այդ նույն եկեղեցին Արցախի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ արդեն իսկ ենթարկվել էր սրբապղծման:

Խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի կողմից կրոնական ատելության հիմքով իրականացված հանցագործության հերթական այս դեպքը։ Միաժամանակ առավել անհանգստացնող է ադրբեջանական ղեկավար շրջանակների կողմից այս բարբարոսությունը հիմնավորելու փորձերը, ինչը ցույց է տալիս, որ վանդալիզմի այս հերթական դրսևորումն ունեցել է միտումնավոր բնույթ և իր կազմակերպվածությամբ հիշեցնում է Նախիջևանի պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը»,-ասվում է մեկնաբանության մեջ:

Նշված է նաև, որ վերջին պատերազմից հետո պաշտամունքի վայրի ոչնչացման այս դեպքն առանձին դրվագ չէ: Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի 200 տարուց ավել պատմություն ունեցող «Կանաչ ժամ» եկեղեցու ավերումը փաստում է, որ ադրբեջանական կողմից իրականացվող մշակութային վանդալիզմը հիմվում է միայն մեկ չափանիշի վրա, և այդ չափանիշը քրիստոնյա հայ ժողովրդի հանդեպ ատելությունն է:

«Ի հեճուկս աշխարհին որպես «հանդուրժողականության և բազմամշակութայնության կենտրոն» ներկայանալու ջանքերին՝ Ադրբեջանն առ այսօր ամրագրել է իր դիրքը՝ որպես քրիստոնեական ժառանգության ոչնչացման առաջամարտիկ:

Հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում ադրբեջանական իշխանությունների՝ քրիստոնեական մշակութային արժեքների պահպանման վերաբերյալ հավաստիացումների սին լինելը: Միջազգային հանրությունը պետք է օր առաջ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի կողմից նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից սկսված և մինչ օրս շարունակվող հանցագործությունների, այդ թվում՝ մշակութային ցեղասպանության դադարեցման և դատապարտման ուղղությամբ»,-նշել է Աննա Նաղդալյանը:

BBC-ի տեսանյութում նշվում է, որ ադրբեջանցիներն ամբողջությամբ ավերել են եկեղեցին և հիմա դրա տեղում ոչինչ չկա։ Ասվում է նաև, որ եկեղեցին չէր տուժել մարտական գործողությունների ընթացքում և ավերված չէր այն պահին, երբ անցել է Ադրբեջանի հսկողության տակ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---