26 մարտի 2021 - 16:08 AMT
Արցախի ոստիկանությունը՝ հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպի մասին․ Խաղաղապահները զբաղվում են

Արցախի ոստիկանությունը հայտարարություն է տարածել դեպի Կարմիր շուկա տանող ճանապարհին ադրբեջանցիների կողմից հայկական մեքենաները քարկոծելու վերաբերյլան՝ նշելով, որ Ասկերանի շրջանի Սարուշեն-Կարմիր գյուղ ճանապարհահատվածին միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև։

Նշվում է, որ խաղաղապահ զորակազմն այս հարցով արդեն զբաղվում է: Ըստ ռուսական կողմի՝ խնդիրը ոչ միայն վնասի փոխհատուցումն է, այլ այսուհետ նմանօրինակ դեպքերի բացառումը:

«Մարտի 25-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյան թափքից, ադրբեջանցի զինծառայողները քարերով հարվածներ են հասցրել նույն ճանապարհով ընթացող հայկական մեքենաներին, ինչի հետևանքով վնասվել է Լենդրուշ Բաբայանի վարած ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենայի դիմապակին:

Միջադեպից հետո Բաբայանը և նույն ճանապարհով ընթացող մեկ այլ վարորդ փակել են միջշրջանային ճանապարհը, կանգնեցրել շարասյունը և բացատրություն պահանջել ռուս խաղաղապահներից, ինչպես նաև ադրբեջանցի պատասխանատու սպայից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ Բաբայանի՝ ադրբեջանցի սպան, որը ռուսաց լեզվով պատշաճ չէր հաղորդակցվում, լուսանկարել է մեքենան, խոստացել, որ անպայման կզեկուցի իրենց վերադասին, իսկ ռուս ուղեկցողները միջադեպի համար ներողություն են խնդրել, նշել, որ վնասը կփոխհատուցվի:

Դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար տուժողը հարցաքննվել է ոստիկանությունում: Մեքենայի լուսանկարները, ինչպես նաև ռուսերեն թարգմանությամբ բացատրությունը ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն արդեն փոխանցել է գեներալ Մուրադովին: