27 մարտի 2021 - 11:28 AMT
ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում․ Փակ ճանապարհներ կան

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Շիրակի, Կոտայքի, Լոռու մարզերում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Քաջարան քաղաքներում և Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝ փակ կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի:

Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա 632 կուտակված բեռնատար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։