27 մարտի 2021 - 12:31 AMT
Արցախի ՄԻՊ. Կարմիր շուկայի ճանապարհին միջադեպը պետք է պատշաճ քննվի

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ուսումնասիրել է մարտի 25-ին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, ե Կարմիր շուկա-Ստեփանակերտ ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից քարկոծվել են հայերի մեքենաները, և հայտարարել, որ միջադեպը պետք է պատշաճ քննվի։ Այդ մասին ասվում է ՄԻՊ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Պաշտպանը դատապարտել է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության խախտումները և բռնության գործադրման ցանկացած դրսևորում` անկախ դրա հեղինակից:

«Գրանցված միջադեպի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից պետք է իրականացվի պատշաճ քննություն, որն առաջնահերթ անհրաժեշտ է նման դեպքերը բացառելու, հատկապես շփման հատվածին հարակից` առանց այդ էլ գերլարված բնակչության տեղեկացված լինելու իրավունքն ապահովելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Այս առումով Պաշտպանը դրական է գնահատել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության և ոստիկանության օպերատիվ արձագանքը ԶԼՄ-ների հրապարակմանը և ենթադրյալ հանցավոր դեպքի հանգամանքների բազմակողմանի քննության պատրաստակամությունը։

Մարտի 25-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյան թափքից, ադրբեջանցի զինծառայողները քարերով հարվածներ են հասցրել նույն ճանապարհով ընթացող հայկական մեքենաներին, ինչի հետևանքով վնասվել է Լենդրուշ Բաբայանի վարած ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենայի դիմապակին: Միջադեպից հետո Բաբայանը և նույն ճանապարհով ընթացող մեկ այլ վարորդ փակել են միջշրջանային ճանապարհը, կանգնեցրել շարասյունը և բացատրություն պահանջել ռուս խաղաղապահներից, ինչպես նաև ադրբեջանցի պատասխանատու սպայից։ Խաղաղապահ զորակազմն այս հարցով արդեն զբաղվում է: Ըստ ռուսական կողմի՝ խնդիրը ոչ միայն վնասի փոխհատուցումն է, այլ այսուհետ նմանօրինակ դեպքերի բացառումը: