Ջուլֆալակյան. Բուհերը Երևանից տեղափոխելու միտքը Փաշինյանը դեռ ամռանն էր հնչեցրել

Ջուլֆալակյան. Բուհերը  Երևանից տեղափոխելու միտքը Փաշինյանը դեռ ամռանն էր հնչեցրել

PanARMENIAN.Net - Բուհերի շենքերը վաճառելու և այդ գումարով Երևանից դուրս ակադեմիական քաղաք կառուցելու «կործանարար միտքը» վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է դեռ 2020-ի ամռանը, «և ամեն ինչ ավելի լուրջ է, քան մեզ թվում է», հայտարարել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։

«Հատուկ արժեքներ չունեցողների համար կրկնեմ՝ ԵՊՀ-ն համահայկական արժեք է: 2020թ. ամռանը՝ վարչապետ-ԻՔ խմբակցության հանդիպումներից մեկի ժամանակ, բազմաթիվ հարցեր հնչեցին։ Դրանցից մի քանիսը կոնկրետ ինձ համար շատ կարևոր էին և կախված պատասխաններից՝ որոշելու էի հետագա քայլերս։ Չեմ անդրադառնա բոլոր դետալներին, բայց մեկի մասին ստիպված եմ այսօր խոսել, քանզի պարզվեց, այդ օրը հնչեցրած վարչապետի անլուրջ թվացող միտքը սկսում է հետզհետե «միս և արյուն ստանալ»՝ ինչպես և շատ այլ առաջին հայացքից թյուրիմացություն թվացող մտքեր»,-հայտարարել է Ջուլֆալակյանը։

Նա նշել է, որ հանդիպման ժամանակ Փաշինյանը կարծիք է հայտնել, թե քանի դեռ համալսարանական շենքերը Երևանում են՝ «կրթությունն ու գիտությունն ուղղակի չեն կարող զարգանալ»։

«Այսօր, փաստորեն, տվյալ անձը հաստատում է իր այդ կործանարար միտքը։ Ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան մեզ թվում է... Ուղղակի անհասկանալի է, թե ինչպես են հանրության լայն շերտեր լուռ հետևում այդ կործանմանը»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, թե նախագիծ կա Երևանի բուհերի շենքերը հանելու վաճառքի, ստացված գումարով էլ մայրաքաղաքից դուրս կառուցելու ակադեմիական քաղաք։

Ընթերցեք նաև․ Փաշինյան․ Բուհերի շենքերը վաճառելու, Երևանից դուրս ակադեմիական քաղաք կառուցելու նախագիծ կա

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---