ՄԻՊ․ ՀՀ հանդեպ ատելությունն ու թշնամանքն Ադրբեջանում ու Թուրքիայում նոր դրսևորում են ստանում

ՄԻՊ․ ՀՀ հանդեպ ատելությունն ու թշնամանքն Ադրբեջանում ու Թուրքիայում նոր դրսևորում են ստանում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահը, իշխանությունները Հայաստանի, ՀՀ քաղաքացու ու հայ ժողովրդի նկատմամբ տարիներ շարունակ վարել և վարում են ատելության ու թշնամանքի քարոզի, էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն, նույնն արել են կամ բացահայտ խրախուսում են Թուրքիայի իշխանությունները: Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ այդ ատելությունն ու թշնամանքը նոր դրսևորումներ են ստանում։

ՄԻՊ-ն ասվածն ապացուցող 3 օրինակ է ներկայացրել։

Թաթոյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Նոր Ադրբեջան» կուսակցության մարտի 5-ի համագումարի ուղերձում հայտարարել է, թե «երիտասարդ սերունդը մեծացել է թշնամու հանդեպ ատելության զգացումով»: Իսկ «թշնամի» ասելով՝ նկատի ունի Հայաստանն ու հայ ժողովրդին, որին ատում է մի ամբողջ սերունդ:

Թուրքիայի նախագահը 2020-ի դեկտեմբերի 10-ին Բաքվի ռազմական միջոցառման ժամանակ Արցախում պատերազմը համեմատել էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղսապանության և 1918 թվականի սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային ջարդերի հետ: Այդ օրը, ըստ նրա՝ «Ահմեդ Ջևադ բեյի, Նուրի փաշայի, Էնվեր փաշայի, Կովկասի իսլամական բանակի անդամների հոգիների փառավորման օրն էր»:

ՄԻՊ-ը հիշեցրել է նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով արձանագրված է, որ Ադրբեջանում հայասպանությունն ունի էթնիկ շարժառիթներ ու խրախուսվում է իշխանության մարմինների կողմից:

«Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացու կյանքի, ֆիզիկական անվտանգության կամ որևէ այլ իրավունքի, Հայաստանի բնակչության բնականոն կյանքի ու խաղաղության հաշվին, միակողմանի որևէ գործընթաց զարգանալ չի կարող, իսկ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ պետական աջակցությամբ ատելությունն ու թշնամանքն Ադրբեջանում կամ Թուրքիայում ոչ միայն չի նվազել, այլ պատասխանատվություն չկրելու պատճառով ստանում է նոր դրսևորումներ»,- ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ։

Մարդու իրավունքների պաշտպանի այս հայտարարությունն ուղիղ պայմանավորված է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների զինված հարձակումների ընթացքում ու դրանց դադարից հետո արձանագրված ու շարունակվող մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, ինչպես նաև հաշվի է առնում այն, որ հարցը դարձել է լայն հանրային քննարկման առարկա: ՄԻՊ-ը հրապարակմանը կցել է նաև լսուանկար, որն ադրբեջանցի ու թուրք օգտատերերը պատերազմի օրերին սոցցանցերում էին տարածում։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---