Կորոնավիրուսի տարածումը կանխող միջոցառումները կխստացվեն

Կորոնավիրուսի տարածումը կանխող միջոցառումները կխստացվեն

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները կխստացվեն։ Այդ մասին ասվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած՝ վարակի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում:

Վարչապետն առաջարկել է աշխատանքները կազմակերպել հետևյալ ուղղություններով՝ պատվաստման շարունակական գործընթաց, դիմակների կրման մակարդակի բարձրացում, վերահսկողական միջոցառումների խստացում և հիվանդանոցային ներուժի ավելացում: Այս կապակցությամբ քննարկվել են մի շարք առաջարկներ, այդ թվում՝ պատվաստանյութերի այլ տեսակների ձեռքբերման առնչությամբ: Արծարծվել են հանրակրթական ուսումնական հաստատություններում կանխարգելիչ միջոցառումներին վերաբերող հարցեր: Ընդգծվել է, որ պետք է աշխատանքներն իրականացնել կորոնավիրուսի նախորդ ճգնաժամային շրջաններում կիրառած սկզբունքների և փորձի հիման վրա:

Վարչապետը հանձնարարել է ակտիվացնել տեսչական ստուգումները, հատկապես փակ տարածքներում և հանրային տրանսպորտում, շարունակել հանրային լայն իրազեկումը դիմակի կրման մշակույթը տարածելու ուղղությամբ և կենտրոնանալ պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերման աշխատանքների վրա:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տվյալներ է ներկայացրել վարակի վերարտադրողության ցուցանիշի, դեպքայնության աճի, մահճակալային ֆոնդի զբաղվածության և առկա հիվանդանոցային կարողությունների վերաբերյալ: Նախարարը նշել է, որ նշված ցուցանիշների վերջին 7 օրվա համեմատականը մտահոգիչ է, Հայաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ և վերահսկողական միջոցառումները չխստացնելու պարագայում կվատթարանա:

Ավանեսյանն անդրադարձել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման գործընթացին, որի շրջանակում մարտի 28-ին Հայաստան է ներկրվել պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24,000 դեղաչափ: Այն նախատեսված է ռիսկային խմբերի շրջանում, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար: Ներկրված պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած չափանիշներին: Զեկուցվել է նաև Covid-19 դեմ պատվաստանյութի հաջորդ խմբաքանակների ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

ՀՀ-ում մարտի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190,741 դեպք, որից 172,096-ը՝ առողջացած, 3476-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14,287 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 842,817 թեստավորում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---