31 մարտի 2021 - 10:49 AMT
«Իմ քայլի» նախընտրական շտաբը կհամակարգի Սուրեն Պապիկյանը

«Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Այդ մասին ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Որոշված է, որ նախընտրական շտաբը համակարգելու է չորս հոգի` ես, Ռոմանոս Պետրոսյանը, Արայիկ Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը։ Պապիկյանը կլինի գլխավոր համակարգողը, կարելի է ասել` շտաբի պետը», - ասել է Թորոսյանը։

Նրա խոսքով` Փաշինյանը հրաժարական է տալու ապրիլի 20-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում։ Սակայն դրանից հետո էլ նա լինելու է վարչապետի պաշտոնակատար, գործող կառավարությունն էլ շարունակելու է իր աշխատանքը մինչև նորի ձևավորումը։

«Այժմ ընտրությունները լավագույնս բխում են երկրի շահերից, քաղաքական լարվածությունը թուլացնելու միջոց են», - շեշտել է նա։

Հարցին, թե արդյոք Փաշինյանի մարզային այցերը նախընտրական քարոզարշավի մաս չեն՝ Թորոսյանն ասել է, որ վարչապետն ի պաշտոնե պարտավոր է լինել այնտեղ, որտեղ խնդիրներ կան, խոսել քաղաքացիների հետ։

«Մեկ տարի նման հանդիպումներ չենք արել` պայմանավորված կորոնավիրուսով և պատերազմով»,- բացատրել է նա։

Թորոսյանի խոսքով` վարչական ռեսուրս կիրառելը քննադատելի է, և վարչապետը նման բան չի անում։

Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։