9 մարտի 2009 - 21:54 AMT
ՏՄՊՊՀ Պետական եկամուտների կոմիտե է ուղարկել այն խանութների ցուցակը, որոնք որոշել էին հավելյալ գումար աշխատել դոլարի տատանման հաշվին
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր ՀՀ Պետական եկամուտների կոմիտե ուղարկեց առեւտրի այն կետերի տվյալները, որտեղ մարտի 3-6-ը` դոլարի փոխարժեքի տատանման պատրվակով արձանագրվել է առաջին անհրաժեշտության մի քանի ապրանքատեսակների գների աճ: Այդ մասին ասվում է ՏՄՊՊՀ պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

Ցանկն ուղարկվել է Պետեկամուտների կոմիտե` նշյալ առեւտրի կետերում ստուգումներ իրականացնելիս ապրանքների բարձր գներով իրացման հանգամանքը հաշվի առնելու նպատակով: Համաձայն մարզերից ստացված տվյալների, մարզերում շաքարավազը, կարագը, ձեթը, բրինձը եւ ալյուրը իրացվում են ավելի բարձր գներով, քան մայրաքաղաքում: Պետեկամուտների կոմիտեի ստուգումները կընդգրկեն նաեւ մարզերի տնտեսվարողներին:

Իսկ մինչ այդ, ալյուրի շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտներն իջեցրել են ալյուրի մատակարարման գները` մինչեւ թանկացումը եղած մակարդակին. առաջին կարգի ալյուրի 50 կիլոգրամանոց մեկ պարկն արժե 7800 դրամ, բարձր կարգինը` 8820 դրամ: Շաքարավազը մանրածախ ցանցերին իրացվում է 245 դրամով (պիկը 270 էր):

Դեղերի, կենցաղային տեխնիկայի, ձեթի եւ կարագի շուկաներում վարույթներն ընթացքի մեջ են, իսկ մյուս շուկաներում շարունակվում է մոնիտորինգը: