31 մարտի 2021 - 14:43 AMT
Դումանայն․ ԵՊՀ շենքը վաճառելու կամ աճուրդի հանելու մտադրություն չկա՝ չի ասվել, որ բոլոր շենքերը կվաճառվեն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, անդրադառնալով բուհերի շենքերը վաճառելու և Երևանից դուրս ակադմիական քաղաք կառուցելու վարչապետի գաղափարին և դրա շուրջ շահարկումներին, հայտարարել է, որ գաղափարը բիզնես նպատակ չի հետապնդում։ Նա ասել է, որ որևիցե մեկը չի պատրաստվում վաճառքի կամ աճուրդի հանել ԵՊՀ-ի շենքը, որ չի ասվել, որ բոլոր շենքերը կվաճառվեն, այլ նրանք միայն, որոնք նպատահակարմար չեն լինի գործել որպես բուհ կամ բուհի ինչ-որ մաս, գրում է «Հայկական ժամանակը»։

Երևանից դուրս ակադեմիական քաղաք ունենալու գաղափարի մասին լուրը հանրության շրջանում միանշանակ չի ընդունվել: Շատերին մտահոգել է, իսկ ոմանց էլ շահարկումների առիթ տվել վարչապետի այն հայտարարությունը, թե Երևանի բուհերի շենքերի մեծ մասը կարող է վաճառվել, որից առաջացած գումարով էլ մայրաքաղաքից դուրս կառուցվելու է ակադեմիական քաղաքը:

Դումանյանը հավելել է, որ մշակութային արժեք ներկայացնող շենքերը որևիցե մեկը չի վաճառի, բայց պետք է նախ հասկանալ՝ ինչն է մշակութային արժեք, ինչը՝ ոչ:

Նախարարը նշել է, որ այս պահին ակադեմիական քաղաքի կառուցումն ընդամենը գաղափարի մակարդակում է:

«Այդ ակադեմիական քաղաքում կլինի իրապես ակադեմիական, կրթական միջավայր. կլինեն մեծ, ժամանակակից գրադարաններ, սպորտային համալիրներ, նորագույն տեխնոլոգիաներով լսարաններ, դասախոսների աշխատասենյակներ, զարգացած հանրակացարանային ենթակառուցվածքներ և այլն: Ներկա փուլում որևէ կոնկրետ գործողություն և ժամկետ չկա. դեռ պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի դաշտը, ծրագիր կազմվի: Սա այն հարցը չէ, որ մեկ օրում անակնկալ որոշում կայացվի: Այս պահին գաղափարական մակարդակում քննարկվող հարց է, բայց նաև Կառավարության կողմից հաստատակամություն կա իրագործել այս գաղափարը՝ ինչպես, երբ, ավելի կոնկրետ թվային տեսքով այս պահին չեմ կարող ասել: Երբ հստակեցվի, կհայտարարվի և քննարկում կլինի»,-ասել է նա:

Արմավիրի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ երևանյան բուհերում շենքային պայմաններն արդեն չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին: Իսկ նոր կառուցվող այդ քաղաքում կենտրոնացած կլինի մեր գիտական, դասախոսական պոտենցիալը: