31 մարտի 2021 - 17:24 AMT
ԱԱԾ․ Զոհված զինվորի ծնողների անունից Կանադայում ապրող մտերիմից $2700 են հափշտակել

Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ քաղաքացին զոհված զինծառայողի ծնողների անունից կապ է հաստատել Կանադայում բնակվող մտերիմի հետ և գումար հափշտակել։

Յու. Մ-ն, ազգակցական կապերի բերումով տեղեկացված լինելով, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ Ռ. Հ-ի թոռը զոհվել է արցախյան պատերազմում, խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով նամակագրական կապ է հաստատել Կանադայում բնակվող Ռ. Հ-ի մտերիմ Ա. Գ-ի հետ և, նրան ներկայանալով մահացած զինծառայողի հարազատների անունից, խնդրել է գումար ուղարկել զոհվածի գերեզմանատան բարեկարգման և շիրմաքարի տեղադրման ծախսերը հոգալու պատրվակով։

Խեղաթյուրելով իրական փաստերը՝ նա մոլորության մեջ է գցել գույքի իրական սեփականատերերին, ինչի արդյունքում դրամական փոխանցումների համակարգով նրանցից ստացել է խոշոր չափերի՝ 1,399,329 դրամին համարժեք 2700 դոլար և խաբեության եղանակով հափշտակել այն:

Յու. Մ-ն ձերբակալվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են Յու. Մ-ի նույնաբնույթ այլ գործողությունների արդյունքում, դիմել իրավապահ մարմիններին: