1 ապրիլի 2021 - 15:19 AMT
Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի տաճարի հայկական հատվածի փորագրություններն ուսումնասիրվում են

Գիտնականները սկսել են ուսումնասիրել քրիստոնեության ամենասրբազան վայրերից մեկը համարվող Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարի հայկական հատվածի պատերին փորագրված խաչերը։

Դրանք երկար ժամանակ գրաֆիտի էին համարվում, բայց, հնարավոր է, որ դա միջնադարյան վարպետների աշխատանքն է, որի դիմաց նրանց վճարում էին ուխտավորները։ Այդ են վկայում վերջին շրջանում կատարված ուսումնասիրությունները, գրում է Reuters-ը։

Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի եկեղեցին, որը քրիստոնեության մեջ համարվում է Հիսուսի խաչելության և մահվան վայրը, սովորաբար լի է հավատացյալներով և հոգևորականներով։ Դա դժվարացրել է սրբազան այդ նշանների ուսումնասիրությունը։ Սակայն 2018-ի վերականգնողական աշխատանքները հնարավորություն են տվել ուսումնասիրել մատուռում եղած ձեռքով փորագրված հազարավոր խաչեր, որոնք ներկայացվել են Իսրայելի հնությունների վարչության և Երուսաղեմի Հադասի ակադեմիական քոլեջին ուսումնասիրությանը։

Հայ առաքելական եկեղեցու հետ համագործակցությամբ, որին պատկանում է մատուռը, գիտնականները կիրառել են թվային տեսախցիկներ և եռաչափ պատկերներ, խաչերը քարտեզագրելու և դրանք թվագրելու ու համեմատելու համար։

«Այդ եզակի երևույթը միշտ շփոթեցրել է մեզ՝ դա ուխտավորների գրաֆիտի՞ է, թե մեկ այլ բան»,-ասել է Երուսաղեմի վարչության տարածաշրջանային հնագետ Ամիթ Ռեեմը։

«Մենք տեսանք, որ բոլոր այդ խաչերը նույն խորությամբ են փորված և նույնիսկ քանդակողի նշագրումը»,-ասել է նա՝ պայմանականորեն խաչերը դասելով 15-րդ դարին։ «Գուցե 2 կամ 3 վարպետ է փորագրել այս խաչերը։ Ուրեմն, սա գրաֆիտի չէ, սա ավելի կազմակերպված մի բան է»,-ասել է նա։

Նա իր հիպոթեզն է առաջարկել։

«Ենթադրենք, դուք հայ ուխտավոր եք և վճարում եք քահանային, կամ այդ յուրահատուկ վարպետին, որպեսզի նա ի բարօրություն ձեր և ձեր մտերիմների հոգու.․․ հատուկ խաչ փորագրի մոլորակի վրա քրիստոնյաների համար ամենասրբազան վայրում»,-ասել է Ռեեմը։

Երուսաղեմի Քրիստոսի հարության տաճարում, որն ավելի հայտնի է որպես Տիրոջ գերեզմանի վանք: Քրիստոսի հարության տաճարն ըստ եկեղեցական ավանդույթի գտնվում է այն նույն վայրում, որտեղ խաչեցին Հիսուս Քրիստոսին: Տաճարը քրիստոնեական կարեւորագույն սրբություններից մեկն է: Այն պատկանում է քրիստոնեական վեց ուղղությունների ներկայացուցիչներին` հույն ուղղափառ, հայկական, կաթոլիկ, ղպտի, սիրիական եւ եթովպական, որոնցից յուրաքանչյուրն ունի իր տարածքն ու աղոթքի ժամերը:

Տիրոջ գերեզմանը գտնվում է գմբեթային մատուռում, որը վերականգնվել է 1809-1810թթ. հույն ճարտարապետ Նիկոլայ Կոմինի նախագծով: Վերականգնողական աշխատանքներին մասնակցել են նաև հայ մասնագետները: Աշխատանքները ֆինանսավորել են Ուղղափառ, Կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցիները, որոնք պատասխանատու են սրբավայրի համար: Եկեղեցիներից յուրաքանչյուրը վերականգնողական աշխատանքների համար հատկացրել էր $3.3 մլն (£2.3 մլն):

Photo: Ronen Zvulun/Reuters