1 ապրիլի 2021 - 12:30 AMT
Պատերազմի ժամանակ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ստացածները գուցե ազատվեն գույքահարկից

Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով առաջարկվում է պատերազմի ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին ազատել անշարժ և շարժական գույքի հարկից:

Նախագիծը ներկայացրել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Լիլիթ Մակունցը և Հրաչյա Հակոբյանը, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

Ըստ նախագծի՝ փոխադրամիջոցի գույքահարկից ազատվելու համար անձը պետք է նաև վարորդական վկայական ունենա:

Պատգամավորները ներկայացրել են ևս մեկ նախագիծ, որով առաջարկվում է հնարավորություն տալ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած կամ զոհված անձանց ընտանիքի անդամներին անվճար երթևեկել ՀՀ տարածքում քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից՝ անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից):

Առաջարկվում է նաև վերոնշյալ անձանց հնարավորություն տալ օգտվելու պետմարմինների ենթակայությամբ գործող հանգստյան տներից:

Նախատեսվում է նաև երկրորդ նախագծով սահմանված խմբի ընտանիքների անդամներին արտոնել ստանալ անվճար դասագրքեր, անվճար հաճախել մանկապարտեզներ, ինչպես նաև երաժշտական, նկարչական և այլ դպրոցներ, անվճար այցելել պետական կամ համայնքային թանգարաններ, թատրոններ և մշակութային այլ հաստատություններ։

Անդրադառնալով հարցին՝ հավանության արժանանալու դեպքում երբ կընդունվի նախագիծը, Գաբրիելյանն ասել է, որ եթե արտահերթ նիստ չհրավիրեն, ապա, ամենայն հավանականությամբ, մինչև հունիսի 1-ը:

Տրանսպորտից անվճար երթևեկելու կարգն այս պահին գործում է գործող զինծառայողների ևւ ԵԿՄ վարչության անդամների համար: