1 ապրիլի 2021 - 13:13 AMT
ԱԺ արտահերթում քննարկվում են ԸՕ-ում փոփոխությունները

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նախագիծը։ Արդյունքում նախատեսվում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից։

«Իմ քայլի» անդամ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է նախագիծը միանգամից երկու ընթերցմամբ ընդունելու անհրաժեշտությունը՝ առաջարկելով քննարկումը կազմակերպել առաջին ընթերցումից հետո 24 ժամում։

Նա ասել է նաև, որ ԱԺ ընտրությունները միայն համամասնական ընտրակարգով անցկացնելու շուրջ քաղաքական ուժերի շրջանում ի սկզբանե առկա է եղել լայն համախոհություն։

Նշվել է, որ ԿԸՀ-ն առաջիկայում սկսելու է ընտրական հանձնաժողովների անդամների լիցենզավորման գործընթացն ու դասընթացների կազմակերպումը, ուստի կարևոր է, որ լիցենզավորումն իրականացվի արդեն ընդունված փոփոխությունների պայմաններում։ Հարցն ընդունվել է քվեարկությամբ։

Նախագիծը ներկայացրել են Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, Համազասպ Դանիելյանը և Վահագն Հովակիմյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։