1 ապրիլի 2021 - 14:40 AMT
Oդանավակայանում տաքսի ծառայություն մատուցող վարորդները տարեկան 200,000 դրամ տուրք կվճարեն

Կառավարությունը հավանություն է տվել նախագծին, որով առաջարկում է օդանավակայանների տարածքում տաքսի ծառայություններ կազմակերպման համար սահմանել Ա տիպի լիցենզիա, որի պետական տուրքը կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար կկազմի տարեկան 200,000 դրամ:

Նիստում հավանություն է տրվել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

Նախատեսվում է, որ փաթեթով կկանոնակարգվի օդանավակայանների տարածքում տաքսու ծառայությունների մատուցման գործընթացը, կբարձրանա սպասարկման որակը, կբացառվեն անօրինական փոխադրումները: Սահմանվում են նաև օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքին ներկայացվող պահանջները:

Ըստ գործող կարգի, տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը՝ օդանավակայանների տարածքում առանձին կարգավորում չունի։ Օդանավակայանի տարածքից տաքսի ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները չունեն հնարավորություն օգտվելու տաքսու կայանատեղից, ինչը անհավասար պայմաններ է առաջացնում փոխադրողների համար: