1 ապրիլի 2021 - 16:51 AMT
Զեյնալյան․ Covid-19-ի դեպքերի աճը Փաշինյանի մարզային այցերով պայմանավորված չէ

Կորոնավիրուսի թվերի աճը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերով պայմանավորված չէ, քանի որ թվերը սկսել են աճել մոտ մեկ ամիս առաջ, հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։

Նա նշել է, թե երկրում ոչ թե քարոզարշավ է ընթանում, այլ մարզայի այցեր։

«Թվերը սկսել են աճել մեկ ամիս առաջ, և դա պայմանավորված չի վարչապետի մարզեր այցելություններով։ Արվում է առավելագույնը, որպեսզի կառավարելի լինի կորոնավիրուսի տարածումը։ Այս ընթացքում առողջապահական համակարգն է վերակազմակերպվել։ Այս պահին 20 բուժհաստատություն ներգրավված է բուժօգնության պրոցեսի մեջ, պոլիկլինիկաներն իրենց ամբողջ թափով իրականացնում են իրենց առջեւ դրված գործառույթները»,- նշել է նա, փոխանցում է Factor.am-ը։

Հարցին՝ արդյոք հնարավոր է, որ իշխանությունը հետ կանգնի ընտրությունների գնալու որոշումից, համավարակի պատճառով, Զեյնալյանն արձագանքել է, որ կանխատեսումներ անել պետք չէ։

«Եկեք կանխատեսումներ չանենք։ Ամեն ինչ էլ հնարավոր է։ Այս պահին նման մտավախություն չկա, շարժվում ենք ըստ նախանշված օրակարգի։ Եթե լինի այնպիսի իրավիճակ, որ անհրաժեշտություն առաջանա կանգնեցնել ընտրական պրոցեսը, ապա միգուցե նաեւ այդ քայլի գնանք»,-ասել է նա։

Հայաստանում 2021-ի հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն։ Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզային այցեր է իրականացնում։ Երկրում նախընտրական շրջանին ընդառաջ նաև ավելանում են կորոնավիրուսի դեպքերը։ Ավելի վաղ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոսել էր համավարակի դեմ պայքարի խիստ մեթոդների վերադառնալու անհրաժեշտությունից։