Նախագահ․ Ամենը պետք է արվի, որ ժամկետայինները զգան՝ իրենց արածը գնահատվում է

Նախագահ․ Ամենը պետք է արվի, որ ժամկետայինները զգան՝ իրենց արածը գնահատվում է

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Զինվորի ծնող» նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների: Նախաձեռնությունը միավորում է արցախյան պատերազմի մասնակից և դեռևս ծառայության մեջ գտնվող ժամկետային զինծառայողների ծնողներին:

Նախագահը նշել է, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այդ զինծառայողները զգան և հասկանան՝ իրենց արածը գնահատվել ու գնահատվում է պետության կողմից։

Հանդիպման մասնակիցները Սարգսյանին են ներկայացրել իրենց մտահոգող հարցերը, որոնք, մասնավորապես, վերաբերել են ժամկետային զինծառայողների բարոյահոգեբանական աջակցությանը, պետության կողմից նրանց նկատմամբ ուշադրությանը, ինչպես նաև իրավական մի շարք հարցերի: Նրանք նշել են, որ ցանկացել են նախագահին անձամբ տեղեկացնել իրենց խնդիրների մասին, ակնկալելով, որ իր հնարավորությունների և իրավասությունների շրջանակում նա աջակցի դրանց լուծմանը:

Նախագահը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների շրջանակում ամեն ինչ անել՝ աջակցելու համար:

«Ձեր երեխաները թանկ են բոլորիս համար»,- ընդգծել է Սարգսյանը:

Նա առաջարկել է պարբերաբար հանդիպումներ ունենալ իր աշխատակազմի ներկայացուցիչների հետ, արձանագրել բոլոր խնդիրները՝ հնարավորինս նպաստելու դրանց լուծմանը:

Ժամկետային զինծառայողների ծնողները 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականցնում ՊՆ և պետական այլ կառույցների մոտ։ Նրանք Արցախում ծառայողների համար անվտանգության երաշխիքներ էին պահանջում և ծառայության պայմանների և բուժօգնության բարելավում։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---