Նախագահն ու ԱԺ խոսնակը Եռաբլուրում հարգել են Ապրիլյանի զոհերի հիշատակը

Նախագահն ու ԱԺ խոսնակը Եռաբլուրում հարգել են Ապրիլյանի զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել 2016-ի ապրիլյան ռազմական գործողությունների, ինչպես նաև արցախյան վերջին պատերազմի ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հերոսների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։

«Եռաբլուր» են այցելել և զոհերի հիշատակը հարգել նաև ԱԺ խոսնակ Արարատ Զուրաբյանը, Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ԳՇ պետ Արտակ Դավթյանը։

Նախագահը Եռաբլուրում զրուցել է պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հարազատների հետ:

Նախագահին ուղեկցել են մարտական գործողությունների ժամանակ վիրավորված Հայաստանի զինված ուժերի նախկին ժամկետային զինծառայողներ Արկադի Անդրեասյանը, Արսեն Հովակիմյանը, Անդրե Վարդումյանը և Գոռ Դարմանյանն ու Լիպարիտ Մելքոնյանը:

Վերջիններս Հայրենիքի պաշտպանին աջակցելու նախագահական նախաձեռնության շրջանակում աշխատանքի են անցել նախագահի աշխատակազմում:

Հանրապետության նախագահը ծաղիկներ է դրել նաև Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին:

2016-ի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի Հանրապետության հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։Ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններում կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։

Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավել վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել և մահացել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել ավելի ուշ, հոսպիտալներում): Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ, 81 հայկական զոհերից բացի, մոտ 270 ադրբեջանցի զոհ է եղել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---