Օնիկ Գասպարյանի պաշտպանները պատրաստ են հասնել մինչև ՄԻԵԴ

Օնիկ Գասպարյանի պաշտպանները պատրաստ են հասնել մինչև ՄԻԵԴ

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի պաշտպանները պատրաստ են հասնել մինչև ՄԻԵԴ։ Այդ մասին հայտարարել է նրանցից Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ չպետք է դիտարկել ՄԻԵԴ-ը որպես միակ ատյան, որն իրականացնում է պայմանական արդարադատություն։

«Եթե իրավունքի խախտումը չվերացվի Հայաստանում՝ այո, կդիմենք։ Ես միշտ լավատես եմ ու մարդու իրավունքների խախտումների վերացումները տեսնում եմ հայկական դատական ատյանների շրջանակում։ Այդ մի փոքր մասը, որ այստեղ չի վերանում, պետք է վերացվի Եվրոպական դատարանում», - ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նա նշել է, թե վարչապետը, որը գտնում է, որ կարող է դատարանի որոշումը չկատարել ու խնդրել դատարանին փոխել որոշումը, պետք է ենթարկվի քաղաքական պատասխանատվության։

«Ինձ հայտնի բոլոր զարգացած երկրներում նման մոտեցումն ակնհայտորեն կբերեր քաղաքական հետևանքների, քրեադատավարական հետևանքները նույնպես պետք է վրա հասնեն, որովհետև դատարանի որոշումը չկայացնելը համարվում է հանցագործություն», - ասել է Օրբելյանը։

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, բավարարել է ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել վերջինիս պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Դրան հաջորդել է վարչապետի աշխատակազմի հայտարարությունն առ այն, որ Գասպարյանն ազատված է ԳՇ պետի պաշտոնից։

Դեռևս փետրվարի 25-ին ԳՇ-ն պահանջել էր ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Ավելի ուշ Նիկոլ Փաշնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ որոշում է կայացրել պաշտոնից ազատել Օնիկ Գասպարյանին:

Օնիկ Գասպարյանը դիմում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն. նա պահանջում է քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի դեմ՝ ՀՀ ՔՕ 308 հոդվածի 2-րդ կետով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---