Ծառուկյանները 100 մլն դրամ են ուղղել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Ծառուկյանները 100 մլն դրամ են ուղղել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

PanARMENIAN.Net - Ծառուկյան ընտանիքի կողմից 100 միլիոն դրամ է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նա նշել է, որ Սբ Հարության տոնի խորհրդանշական օրվան ընդառաջ՝ ուզում է «առանձնահատուկ խոնարհումը բերել 44-օրյա պատերազմի ժամանակ իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհած բոլոր քաջորդիների հիշատակին»։

«Արցախյան երկրորդ պատերազմի հասցրած վերքերը դեռ շատ երկար տարիներ չեն սպիանալու․․․ Սուրբ Զատիկը՝ հարության և նոր կյանքի խորհրդանիշն ունի և մեր հայրենիքին բաժին հասած դժվարին այս փորձություններից հետո անգամ մենք պետք է շարունակենք ապրել։ Պատերազմում վիրավորում ստացած մեր հերոսներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում և վերականգնում․․․ Ուզում եմ հավատալ, որ այս հերոսներից յուրաքանչյուրն առաջիկայում գտնելու է իր բաժին երջանկությունն ու ձևավորի նոր, հայկական, ավանդական ամուր ընտանիք, բալիկներ ունենա, ապագա զինվորներ ու մայրեր պարգևի մեր ժողովրդին»,-ասվում է գրառման մեջ:

Ծառուկյանը նշել է նաև, որ դժվարին այս ժամանակաշրջանում՝ նոր ընտանիքների ձևավորումն ու երեխաների ծնունդը կենսական նշանակություն ունի պետության ու հասարակության համար:

«Այս հարցում ես պատրաստակամ եմ լինել մեր հերոսներից յուրաքանչյուրի կողքին: Օգնել ու աջակցել նոր ընտանիք ստեղծելու հարցում, ցանկացած պարագայում կիսել նրանց հոգսն ու խնդիրները՝ միայն թե մեր հայկական ընտանիքների ու դրանցում ծնվող բալիկների թիվն ավելանա:

Մի քանի օրից մի նոր հայկական օջախ է ձևավորվելու նաև իմ ընտանիքում. ամուսնանալու է իմ ավագ որդին՝ Նվեր Ծառուկյանը: Ես ուզում եմ հավատալ, որ ցանկացած նոր հայ ընտանիքի ձևավորման մասին նորությունը պետք է մի փոքր լավատեսություն ու ապագայի նկատմամբ հավատ բերի մեր հասարակության համար դժվարին այս ժամանակներում: Իսկ մինչ այդ՝ Ծառուկյան ընտանիքի կողմից այսօր 100 միլիոն դրամ է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---