10 մարտի 2009 - 15:31 AMT
Ռուսաստանը պատրաստ է օժանդակել Լեռնային Ղարաբաղի շուրջ փոխզիջողական պայմանավորվածությանը
«Ռուսաստանի եւ Ադրբեջանի հայացքների ընդհանրությունը Կովկասի իրադրության եւ այն խաղաղության ու հանդարտության տարածաշրջան դարձնելու ճանապարհի առնչությամբ արձանագրվել է իմ կողմից արդեն հիշատակված 2008թ. հուլիսի 3-ի բարեկամության եւ ռազմավարական գործընկերության մասին Հռչակագրում: Մեր երկու երկրները անհանգստացած են այդ տարածաշրջանում գտնվող պետությունների կայուն զարգացման ճանապարհին առկա խոչընդոտներով, իսկ այդ պետությունները միմյանց հետ համագործակցելու կարիք ունեն»,- հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը բազմիցս հնչեցվել է, այդ թվում` նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից:

«Մենք հանդես ենք գալիս հակամարտության մասնակիցներին որեւէ արտաքին բաղադրատոմսեր պարտադրելու դեմ: ՌԴ ելնում է այն բանից, որ կարգավորման գործում գլխավոր պատասխանատվությունը հենց իրենց` ադրբեջանցիների եւ հայերի ուսերին է: Ռուսաստանը պատրաստ է օժանդակել ներգրաված բոլոր կողմերին ձեռնտու փոխզիջողական պայմանավորվածությանը, իսկ դրան հասնելու դեպքում` հանդես կգա որպես կարգավորման երաշխավոր: Մեր տեսակետից կենսունակ կլինի խնդրի այնպիսի լուծումը, որը թույլ կտա վերադարձնել կայունությունն ու հանգստությունը Անդրկովկաս, իսկ հետհակամարտական շրջանում կօգնի պահպանելու պատմականորեն ձեւավորված հավասարակշռությունը տարածաշրջանում, չի հանգեցնի այն միջազգային քաղաքական եւ ռազմական մրցակցության հրապարակի վերածվելուն»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Ինչ վերաբերում է նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի ու Դմիտրի Մեդվեդեւի կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված հռչակագրին, ապա, ըստ Լավրովի, այն կարող է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Ես արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ այդ փաստաթուղթը կարեւոր նշանակություն ունի, նախ եւ առաջ այն իմաստով, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդները միանշանակ հաստատեցին բարձրագույն մակարդակով երկկողմ հանդիպումները շարունակելու պատրաստակամությունն ու նպատակը քաղաքական կարգավորման համար: Պատահական չէ, որ 2008թ. նոյեմբերի 2-ի արդյունքները հզոր օժանդակություն ստացան նույն տարվա դեկետմբերին Հելսինկիում` ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստին, ընդ որում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները` Ռուսաստանը, ԱՄՆ եւ Ֆրանսիան այդ նիստի «դաշտում» Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներին փոխանցեցին Մոսկովյան հռչակագրի դրույթների զարգացման գործում կողմերի դիրքերի մոտեցման վերաբերյալ լրացուցիչ առաջարկները: Այն փաստը, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը կայացավ վերջերս Ցյուրիխում` ավելի քիչ, քան Մոսկովյան հռչակագրի ստորագրումից երեք ամիս անց, վկայում է, որ փաստաթուղթն արդեն գործում է կարգավորման օգտին»»- ընդգծել է Սերգեյ Լավրովը, հաղորդում է TrednNews ադրբեջանական գործակալությունը: