Հետմահու «Արցախի հերոս» կոչում` Նարեկ Հովհաննիսյանին և Թովմաս Թովմասյանին

Հետմահու «Արցախի հերոս» կոչում` Նարեկ Հովհաննիսյանին և Թովմաս Թովմասյանին

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրերով ավագ լեյտենանտներ Նարեկ Հովհաննիսյանին և Թովմաս Թովմասյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհվել։ Երկուսն էլ հերոսաբար զոհվել են 2020 թ. նոյեմբերի 7-ին, Քարին տակ-Շուշի հատվածում:

Հրամանագրերի համաձայն՝ Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի պաշտպանության բանակի N զորամասի հրաձգային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Նարեկ Հովհաննիսյանին և N զորամասի դիպուկահարների դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Թովմաս Թովմասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում` հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան։

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ Նարեկ Հովհաննիսյանն ու Թովմաս Թովմասյանն ակտիվ մասնակցություն են ունեցել ԱՀ պետական սահմանի մարտական դիրքերի պաշտպանությանը, դիվերսիոն-հետախուզական գործողություններ են իրականացրել հակառակորդի թիկունքում՝ հասցնելով նրան ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ:

Պատերազմի ընթացքում ստեղծված հատուկ գրոհային խմբի կազմում նրանք պաշտպանական մարտեր են մղել ու մարտական գործողություններ իրականացրել սկզբում յոթերորդ պաշտպանական շրջանում, այնուհետև՝ մի շարք այլ ուղղություններում, ներառյալ՝ Սղնախ, Քարին տակ գյուղերի ու Շուշիի մատույցներում:

Նարեկ Հովհաննիսյանն ու Թովմաս Թովմասյանը փայլուն կատարել են իրենց առջև դրված մարտական խնդիրները՝ մինչև կյանքի վերջին վայրկյանն անմնացորդ մարտնչելով բազմակի անգամ գերազանցող թշնամու ուժերի դեմ և երբևիցե չլքելով իրենց վստահված դիրքերը:

Նարեկ Հովհաննիսյանը ծնվել է 1992 թ.-ին, իսկ Թովմաս Թովմասյանը՝ 1983 թ.-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---