«Արաքս Թռչնաֆաբրիկա». Ձվի դեֆիցիտի պատճառները սկիզբ են առնում 2019-ից

«Արաքս Թռչնաֆաբրիկա». Ձվի դեֆիցիտի պատճառները սկիզբ են առնում 2019-ից

PanARMENIAN.Net - «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն, անդրադառնալով Սբ Հարության տոնի շեմին հայկական շուկայում ստեղծված ձվի դեֆիցիտին, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «այլևս չեն պատրաստվում լռել»:

Նշվում է, որ պատճառները նոր չեն, այլ սկիզբ են առնում դեռ 2019 թվականի նոյեմբերից, երբ ձվի շուկայում սկսված լճացման ու գերարտադրության պատճառով գները սկսեցին նվազել ընդհուպ մինչև 19 դրամ:

«Դրա հետևանքով շուկայից որոշ տնտեսվարողներ դուրս մղվեցին, արտադրողները ստիպված էին կրճատել իրենց արտադրության ծավալները՝ վնասները նվազեցնելու համար։ Հաշվի առնելով տեղական շուկայի հագեցվածությունը՝ «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն քայլեր է ձեռնարկել ձու արտահանելու համար։ Մասնավորապես՝ 2020-ի մարտ, ապրիլ, հունիս, հուլիս ամիսներին արտահանել է ավելի քան 3.9 մլն հատ ձու, ընդ որում՝ շատ ավելի ցածր գներով՝ համեմատած այդ ժամանակ ՀՀ շուկայում Ընկերության կողմից իրացվող ձվի գների հետ։

Շատ տնտեսություններում ստիպված են եղել գնալ հարկադիր մորթի, փոփոխել արտադրական ցիկլերը։ Պակասել է ածան թռչունների գլխաքանակը` հանգեցնելով արտադրության ծավալների կրճատման»,-ասվում է հայտարարության մեջ:

Ընկերությունը գնաճը բացատրում է նախ՝ կերի թանկացմամբ. 2019-2020թթ. համեմատ կերը թանկացել է ավելի քան 26%-ով։ Էական ազդեցություն է թողել նաև դոլարի փոխարժեքը, որը 2020 թվականի համեմատ աճել է ավելի քան 10%-ով՝ ավելացնելով թռչնաֆաբրիկաների արտաժույթով վարկերի սպասարկման ծախսերը։

Իսկ ինչ վերաբերում է Զատիկին նախորդող վերջին օրերին ձվի գների շեշտակի բարձրացման մասին հրապարակումներին ու ահազանգերին, ապա ՓԲԸ-ի կողմից ձվի բացթողման գների ոչ մի փոփոխություն չի եղել։

Ըստ ընկերության՝ համապատասխան պետական մարմինները պետք է տան հետևյալ հարցերի պատասխանները՝

«1. Շուկայում որոշ անբարեխիղճ արտադրողներ իրականացրել են դեմպինգային քաղաքականություն, նվազեցրել են գները և իրավասու պետական մարմինները պետք է պարզեին, թե ո՞ր ընկերություններն են սկսել դա կատարել։ Մինչդեռ 2020-ի փետրվարին վարույթ է հարուցվում ու 11 ամիս անց նոր միայն կայացվում է տուգանքի որոշում 7 թռչնաբուծական ֆաբրիկաների նկատմամբ, այդպես էլ չպատասխանելով այն հարցին, թե ո՞վ էր այս ողջ գործընթացի նախաձեռնողն ու պատասխանատուն, ո՞վ էր սկսել դեմպինգ իրականացնել։

2. Ընկերությունը շատ լավ հասկանալով, որ գերարտադրության ու լճացման հետևանքով արտադրության ծավալների կրճատումը հանգեցնելու է դեֆիցիտի ու Զատիկին ձվի շուկայում խնդիրներ են առաջանալու՝ դիմել է պետական համապատասխան մարմիններին՝ ձվի ներկրման թույլտվություն ստանալու համար։ Սակայն որոշ թռչնաֆաբրիկաներ դրան դեմ են եղել, ասելով, որ խնդիր չկա, եղած ձուն կբավականացնի»։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---