6 ապրիլի 2021 - 12:03 AMT
Զոհրաբյան․ Զոհերի հարազատներից բանկերն ու Varks.am-ը վարկի մարում են պահանջում

Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ զոհված կամ անհետ կորած զինվորների հարազատներից բանկերն ու հատկապես Varks.am-ը շարուկանում են վարկի մարում պահանջել։

Նշվում է, որ հոկտեմբերի 21-ին խորհրդարանն ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխություն, որպեսզի բանկային և վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել զոհված, գերեվարված, անհետ կորած զինվորի վարկը։

Նշվում է նաև, որ օրենքը չի կարող բանկին պարտադրել ներել զոհված զինվորի վարկը և բանկն ինքը դա պետք է որոշի, սակայն «հազարավոր ծնողներ իրենց ցավը թողած՝ գումար են փնտրում, որ հայրենիքի համար զոհված կամ Բաքվի բանտում գտնվող որդու վարկը մարեն»։

«Բանկերն արդեն մոտ 2 միլիարդ դրամի չափով ներել են զոհված և անհետ կորած զինվորների վարկերը, սակայն սա հարցի լուծում չէ՝ վարկառուների թիվն ահռելի մեծ է և իր որդուն կորցրած ծնողը չի կարող վարկ մարել։

Սա կառավարության լուծելիք խնդիրն է, և «դուխով» կեպկով մեքենաների կապոտի վրա քարոզարշավ անելու «պերերիվներին» չէր խանգարի հիշել, որ հազարավոր տղաներ, որոնք տարվեցին երաշխավորված մահվան, այդ տղաներն ընտանիք պահելու համար վարկեր էին վերցրել ու զոհվեցին կամ չկան, և հիմա բանկերն ու Varks.am-ներն ամենօրյա ռեժիմով խեղդում են զոհվածի մորն ու կնոջը»,-ասվում է գրառման մեջ։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում դեռ հայ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք կան, նրանց հստակ թվի մասին, սակայն, տվյալներ չկան։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իր երկրում ռազմագերիներ չկան, նրանք բոլորը փոխանցվել են Հայաստանին։ Այդ հայտարարությամբ Ալիևը վերահաստատում էր նախկինում արած մեկ այլ հայտարարություն, որով ռազմագերիներին որպես ահաբեկիչ ու դիվերսանտ։