6 ապրիլի 2021 - 16:30 AMT
Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման փաստով հարուցված քրգործերից մեկը կարճվել է

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով հարուցված քրեական գործերից մեկը կարճվել է։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Panorama.am-ը։

Նշվում է, որ 2018թ. սեպտեմբերի 11-ին զանգվածային լրատվության միջոցներով «ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի խոսակցությունը հայտնվել է համացանցում» վերտառությամբ հրապարակումներում տեղ գտած պաշտոնեական լիազորություններն անցնելու առկայությունը մատնանշող տվյալների հիման վրա ՔՕ 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է 04.02.2020թ.։

Գործը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով՝ հանցակազմի բացակայություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունները ապօրինի ձայնագրառելու և համացանցում տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս գործով Փաշինյանը, Վանեցյանը, Խաչատրյանը ճանաչվել են որպես տուժող և հարցաքննվել։

2018-ի սեպտեմբերին համացանցում տարածվել էր Վանեցյանի և Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը՝ Մարտի1-ի գործի վերաբերյալ: