ԱԳՆ․ Ադրբեջանը փորձում է իրեն արդարացնել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ

ԱԳՆ․ Ադրբեջանը փորձում է իրեն արդարացնել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքով և 2020 թ․ նոյեմբերի 10-ի հայտարարության դրույթներով ստանձնած իրենց հանձնառությունները՝ հայրենադարձնելու դեռևս պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` մեկնաբանելով Ադրբեջանի մեղադրանքները հայկական կողմին՝ ականապատ տարածքների քարտեզները չտրամադրելու մեջ:

«Ըստ էության, ի պատասխան այս հարցում նաև միջազգային հանրության ճնշումների, ադրբեջանական կողմը փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ: Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ ադրբեջանական պաշտոնյաների կողմից այդ հարցի բարձրացումը կրում է զուտ հրապարակային բնույթ:

Հակամարտության ամբողջ ընթացքում ադրբեջանական կողմը ոչ միայն հանդես չի եկել ականազերծման հարցերով համագործակցելու առաջարկով, այլև ավելին` ամեն ջանք ներդրել է Հայաստանում և Արցախում ականազերծման ծրագրերի իրականացումը խափանելու նպատակով։ Բավական է հիշել, որ Ադրբեջանը 2016թ․ արգելափակել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի մանդատի երկարաձգումը վերջինիս՝ ականազերծման ծրագրերին աջակցելու պատրվակով, ինչն էլ հանգեցրել է Հայաստանում ԵԱՀԿ դաշտային առաքելության փակմանը»,-ասվում է հայտարարության մեջ։

ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ միջազգային հանրությանն ապակողմոնորոշելու նման պրակտիկայից և գործուն քայլեր ձեռնարկել՝ կատարելու նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններն ու միջազգային հումանիտար իրավունքի պահանջները, որոնք ենթադրում են անհապաղ և անվերապահ կերպով բոլոր ռազմագերիների և պատանդառության մեջ գտնվող անձանց ազատ արձակումը և հայրենադարձումը։

Ադրբեջանում պահվող հայ գերիների ստույգ թիվը հայտնի չէ։ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Ադրբեջանում ամենամոտավոր հաշվարկներով 200-ից ավելի գերավարված հայ կա, այդ թվում՝ կանայք։ Ալիևը հայտարարել է, որ նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածները «ահաբեկիչներ են»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---