7 ապրիլի 2021 - 11:06 AMT
ԱՀ նախագահի խոսնակ. Ադրբեջանցիները կարող են Ստեփանակերտում գրասենյակի տեղ փնտրել միայն քարտեզի վրա

ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը, մեկնաբանելով ԼՂ ադրբեջանական համայնքի նախագահի հայտարարությունը Ստեփանակերտում գրասենյակի տեղ փնտրելու մասին, հայտարարել է, որ նրանք կարող են տեղ փնտրել միայն քարտեզի վրա, սակայն ոչ իրական կյանքում:

Բաքվում տեղակայված Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևը, որը նաև ԵԽԽՎ պատգամավոր է, հայտարարել է, թե առաջիկայում Ստեփանակերտում համայնքի գրասենյակն է բացվելու և այժմ տեղ են որոնում։

Նա հավելել է, որ դա ադրբեջանական կողմի հերթական հիվանդագին ցանկությունն է, որը ներկայացնում են որպես իրականություն, գրում է Արցախպրեսը։

«Այսպիսի էժանագին տեղեկատվական սպեկուլյացիաներով նրանք նպատակ ունեն իրենց հասարակությանը պահելու մոլորության մեջ և նյարդայնացնելու հայ հասարակությանը: Նրանք չեն կարող ոչ միայն գրասենյակ ունենալ Ստեփանակերտում, այլ նույնիսկ այցելել Ստեփանակերտ: Դրա փոխարեն թող մտածեն մեր բռնազավթված տարածքների վերադարձի մասին, որպեսզի հնարավոր լինի խոսել հակամարտության կարգավորման իրական հեռանկարների վերաբերյալ»,- նշել է Ավանեսյանը: