7 ապրիլի 2021 - 11:50 AMT
Փաշինյան․ Ցավով եմ հիշում, որ գերեվարվածների մեջ դեռևս կին կա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ՝ սփոփանքի խոսքեր հղելով գերեվարվածների մայրերին, կանանց, դուստրերին և քույրերին և «ցավով հիշելով, որ մեր գերեվարված հայրենակիցների մեջ դեռևս կին կա»։

«Հասկանում եմ, որ ոչինչ չի կարող սփոփել ձեզ, բայց և վստահ եմ՝ ուժեղ, ծաղկուն, ինքնավստահ ու զարգացող հայրենիքն է, որ պիտի սպեղանի դառնա ձեր վերքերին: Մենք ամեն հնարավորն արել և անում ենք՝ մեր եղբայրներին հայրենիք վերադարձնելու համար: Ցավով եմ հիշում, որ մեր գերեվարված հայրենակիցների մեջ դեռևս կին կա, և իմ ցավը թող ուժ ու կորով դառնա նրա ու մեր բոլոր գերեվարված հայրենակիցների համար՝ միասին հաղթահարելու այս փորձությունը»,- ասվում է ուղերձում:

Վարչապետը նշել է, որ արդեն երկու տարի անընդմեջ այս տոնն անցնում է բարդ ժամանակաշրջանում:

«Այս ծանր ժամանակաշրջանում դուք ձեր ուժով և էներգիայով կարողանում եք գոտեպնդել ձեր ընտանիքներին, մտերիմներին, միմյանց, ինքներդ էլ մնալ ամուր` ձեր ուսերին կրելով ծառացած խնդիրների ու դժվարությունների ծանր բեռը՝ տանը, ռազմի դաշտում, բուժհաստատությունում, ուսումնական հաստատությունում, աշխատանքային և հանրային ցանկացած ոլորտում, որտեղ գործունեություն եք ծավալում։

Սիրելի մայրեր, խոնարհվում եմ ձեր առաջ՝ այն դաստիարակության և կրթության համար, որ դուք տալիս եք ձեր զավակներին` մեր երկրի արժանի քաղաքացիներին։ Խոնարհումի առանձնակի խոսքեր եմ հղում Արցախյան պատերազմներում նահատակված մեր եղբայրների մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին:

Սիրելի կանայք, համոզված եմ, որ միասին՝ ուս ուսի տված, կկարողանանք մեր երկիրը ոտքի կանգնեցնել` աշխատելով հանուն զարգացող, շենացող ու առաջ նայող Հայաստանի ու Արցախի։ Վստահ եմ` որևէ դժվարություն չի կարող ընկճել ձեզ։ Հայրենիքը շեն ու բարեկեցիկ, ազատ ու երջանիկ տեսնելու մեր ոգին երբեք չի հանձնվի»,-ասվում է ուղերձում: