10 մարտի 2009 - 16:53 AMT
Ֆինանսական ճգնաժամը «կբարձրացնի՞» ընդդիմության դերը
«Ֆինանսա-տնտեսական ճգնաժամային իրադրությունը կօգնի ազդելու ներքին քաղաքականության վրա: Ընդդիմության դերը կբարձրանա, քանի որ քաղաքական կարգախոսներին կփոխարինեն սոցիալական կարգախոսները»,- հայտնել է ՀՀ պատգամավոր, իշխող Հանրապետական կուսակցության անդամ, կրթության եւ գիտության հարցերով խորհդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը:

Նա վստահություն է հայտնել, որ ընդդիմությունը վաղուց արդեն հանդես չի գալիս որպես միացյալ ուժ եւ բաժանված է երկու մասի, իսկ այդ երկու ուժերի քաղաքական շահերը զգալիորեն տարբերվում են: «Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունները դիվանագիտական քայլեր են անում, եւ այն, որ «Ժառանգություն» կուսակցությունը չմիացավ ՀԱԿ-ին, վկայում է այն մասին, որ քաղաքական խաղերի եւ միմյանց օգտագործելու փուլն ավարտվել է»,- հայտնել է պատգամավորը:

Ինչպես նկատել է Աշոտյանը, նախկինում «Ժառանգությունը» օգտագործում էր իրադրությունն իր գովազդի եւ վարկանիշի բարձրացման համար, միեւնույն ժամանակ խորհրդարանում բարձրախոս էր ծառայում Լեւոն Տեր-Պետրոսյանի համար: Աշոտյանի խոսքով, այն, ինչ «Ժառանգությունը» ցանկանում էր ստանալ Լեւոն Տեր-Պետրոսյանից, «արդեն ստացել է եւ պատրաստվում է հաջորդ խորհրդարանական ընտրություններին»: Նա նաեւ ավելացրել է, որ եթե արտախորհրդարանական ընդդիմությունը չունենա սեփական կուսակցություն, ապա վստահ կարելի է ասել, որ նրանց մասնակցությունն ու հաղթանակը առաջիկա ընտրություններում բավական կասկածելի է:

Գնահատելով ընդդիմության շանսերը Երեւանի քաղաքապետի եւ ավագանու գալիք ընտրություններում` Աշոտյանը հայտնել է, որ եթե «Ժառանգություն» խորհրդարանական կուսակցությունն ու արտախորհրդարանական Հայ ազգային կոնգրեսը միասին գնան ընտրությունների, նրանք հնարավորություն ունեն հավաքելու ձայների 25-30%: