10 մարտի 2009 - 17:14 AMT
Հարութ Սասունյան. Հայաստանը չպետք է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարին Երեւան հրավիրեր
«Զգոնացնում է այն, որ Հայաստանը Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանին Սեւծովյան տնտեսական համագործակցության Կազմակերպության (ՍՏՀԿ) ԱԳՆ ղեկավարների գագաթաժողովին է հրավիրել Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցից մի քանի օր առաջ»,- իր շաբաթական էջում գրում է The California Courier-ի խմբագիր եւ հրատարակող Հարութ Սասունյանը: Նրա կարծիքով, նման քայլերն անթույլատրելի են, երբ Անկարան մշտապես «գնդակոծում է» Վաշինգտոնը 1915թ. իրադարձությունների մասին կեղծիքներով: «Հայկական կողմը զարմանալի լռություն է պահպանում, ինչով բարձրացնում է թուրք կեղծարարների հանդեպ վստահության մակարդակը, որոնց գործողություններն ուղղված են ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը ձախողելուն: Դժվար է պատկերացնել, որ Հայաստանի կառավարությունը Թուրքիայի արտգործնախարարին կհրավիրի Երեւան, եթե նա հրաժարվի այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, պսակ դնել եւ ներողություն խնդրել հայ ժողովրդից: Առավել եւս, որ Թուրքիան, հանդիսանալով թշնամական երկիր, չի վերացնում Հայաստանի մեկուսացումը»,- ընդգծել է Սասունյանը: