Փոխնախարար․ Բնակարան գնելիս եկամտահարկի վերադարձի ծրագրից հրաժարվելն օրակարգում է

Փոխնախարար․ Բնակարան գնելիս եկամտահարկի վերադարձի ծրագրից հրաժարվելն օրակարգում է

PanARMENIAN.Net - Հիփոթեքով բնակարան ձեռք բերելու դեպքում եկամտահարկի վերադարձի համակարգի ներդրումից հետո հետհայաց վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ համակարգի վերաբաշխողական էֆեկտը չի գոհացնում, հայտարարել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

«Կառավարությունը չի թաքցրել և բոլոր պատեհ առիթներով հայտարարել է, որ փորձելու է գտնել հարմար պահ, ու համակարգը վերանայել այն տրամաբանությամբ, որ կամ դրա գործունեությունը դադարեցվի, իհարկե նրանք, ովքեր հասցրել են մաս կազմել համակարգին, կշարունակեն մնալ մինչև վարկային պայմանագրերի ավարտը, կամ էլ ձևավորել որոշակի սահմանափակումներ: Այդ պահը, կարծես, չի գտնվել` հայտնի իրողություններով պայմանավորված, բայց այդ հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում»,- ասել է նա:

Փոխնախարարի խոսքով՝ համակարգի շահառուների թիվը սրընթաց աճում է, և դա «ռիսկ է, որի հետ պետք է հաշվի նստել»: Համակարգի ներդրումից հետո առաջին տարում 253 մլն դրամ է վերադարձվել, 2019-ին այդ գումարը դարձել է 7․9 մլրդ դրամ, իսկ 2020 թվականը ամփոփվել է 13․3 մլրդ դրամով:

«Այս պարագայում մենք ոչ միայն համոզմունք չունենք, որ այս ծախսն իր բնույթով իրապես սոցիալական է և առաջնահերթություն, այլ ունենք ճիշտ հակառակ համոզմունքը, որ այն իր բնույթով սոցիալական չէ, և մենք այսօր հետպատերազմական վիճակում շատ ավելի այլ առաջնահերթություններ ունենք»,- ասել է նա:

Ֆիննախի կանխատեսմամբ՝ առաջիկա երեք-չորս տարում սրընթաց աճի տեմպը պահպանվելու է, համակարգի մասնակիցների շրջանակը 2020-ի դեկտեմբերի դրությամբ եղել է ավելի քան 12,300 վարկառու և համավարկառու:

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Բաբկեն Թունյանի հեղինակած Հարկային օրենսգրքում և «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Գործող օրենքով` անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկը վերադարձվում է քաղաքացուն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---