Փաշինյան․ Պուտինի հետ պայմանավորվել ենք գերիների մասով էլ ավելի ինտենսիվ աշխատել

Փաշինյան․ Պուտինի հետ պայմանավորվել ենք գերիների մասով էլ ավելի ինտենսիվ աշխատել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում «Հայ իրավաբանների ասոցիացայի» մի քանի տասնյակ անդամների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են գերիների մասով իրականացնել էլ ավելի ինտենսիվ աշխատանքներ:

Ապրիլի 7-ին Մոսկվայում տեղի է ունեցել Փաշինյանի և Պուտինի հանդիպումը։ Քննարկվել են հայ-ռուսական օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ։

Կառավարության ղեկավարը շեշտել է, որ գերիների վերադարձի ապահովման հարցում լիարժեք ըմբռնում ունեն ՌԴ նախագահի հետ և այս ուղղությամբ ևս պայմանավորվածությունն անմնացորդ իրականացնելու կարծիքները համընկնում են:

Փաշինյանը նշել է, որ Պուտինի հետ երեքուկես ժամվա ընթացքում գործնականում քննարկել են օրակարգի բոլոր հարցերն ու նրբությունները:

«Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ շատ գոհ եմ հանդիպման արդյունքներից: Քննարկեցինք մեր երկկողմ օրակարգի բոլոր հարցերը, անդրադարձանք տարածաշրջանային, նույնիսկ միջազգային հարաբերությունների հարցերին:

Հանդիպումն անցավ արդյունավետ, փաստաթուղթ չենք ստորագրել, բայց խոսել ենք մի շարք փաստաթղթերի մասին, այդ թվում` անվտանգային ոլորտի, նախկինում ստորագրված փաստաթղթերրի հետագա իրագործման: Չնայած այդ փաստաթղթերը կամ համաձայնություններն իրագործվում են նաև այսօր: Գիտեք, որ ունենք հայ-ռուսական համատեղ զորախմբի մասին համաձայնագիր և համաձայնություն` տարածաշրջանային հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի մասին, որոնք գործում են»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ ՌԴ նախագահի հետ քննարկել են նոր իրավիճակում այդ համաձայնագրերի դրույթների իրագործման կոնկրետ պլանի և մեխանիզմների վերաբերյալ հարցեր:

Վարչապետը, նշելով, որ պատերազմից հետո օրակարգի կարևորագույն հարցերից մեկը բանակի, զինված ուժերի բարեփոխումն է, որն իրականացվում է ՌԴ գործընկերների աջակցությամբ, ասել է, որ դա եղել է քննարկման կարևորագույն հարցերից մեկը:

«Իհարկե, քննարկել ենք նաև գերիների վերադարձի հետ կապված իրավիճակը, տարածաշրջանային կոմունիկացիաների շուրջ քննարկումների օրակարգը, թե այս պահի դրությամբ ինչ արդյունքներ ունենք, ինչ ուղղությամբ պետք է շարժվենք, որտեղ է, որ ունենք լիարժեք համընկնող տեսակետներ, որտեղ է, որ պետք է տեսակետները նույնականացնելու ուղղությամբ աշխատենք։

Այնպես որ, այսօրվա քննարկումը շատ արդյունավետ եմ համարում: Մի բան ակնհայտ է` հայ-ռուսական հարաբերությունների բնույթը ռազմավարական է և այդ ռազմավարական համագործակցությանը պետք է ավելի մեծ խորություն հաղորդել` նաև հաշվի առնելով արդի մարտահրավերներն ու այն իրավիճակները, որ մենք ունենք»,- ընդգծել է Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, դրանից հետո ստեղծված իրավիճակին, ՀՀ կառավարության կողմից պատերազմից տուժած արցախահայությանը ցուցաբերվող օժանդակությանը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Սփյուռքի ներուժի լիարժեք իրացման հնարավորություններին, այն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու համատեքստում և այլ թեմաների:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---