Ավինյան․ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատումը կմեկնարկի 2021-ին

Ավինյան․ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատումը կմեկնարկի 2021-ին

PanARMENIAN.Net - Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի կառուցապատման գործընթացն առաջ է գնում, այն նախատեսվում է մեկնարկել 2021-ին։ Այդ մասին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է աշխատանքները համակարգող խմբի նիստում։

Փոխվարչապետը շեշտել է, որ պետությունը պետք է 3 ուղղությունով հավասարակշռման քաղաքականություն վարի. առաջինը՝ պետք է հաշվի առնվեն բնակիչների շահերը, որոնք պիտի իրենց գույքի համար արդար փոխհատուցում ստանան, երկրորդը ներդրողների շահերն են, որպեսզի ունենան տրամաբանական շահութաբերության որոշակի շեմ, իսկ երրորդը հանրային շահի ապահովումն է:

Ընդգծվել է, որ թաղամասի տարածքում առկա բոլոր պատմամշակութային հուշարձանները պահպանվելու են, իսկ պահպանության և ամրակայման աշխատանքները կատարվելու են օրենքով սահմանված կարգով: Անդրադարձ է կատարվել լոտերի իրացման աշխատանքների ներկայիս փուլին. 18 լոտից 10-ում ավարտվել են իրացման աշխատանքները, իսկ մնացած 8-ի ավարտական փուլի համար որոշում է կայացվել աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով գործընթացին ներգրավել համայնքային համապատասխան մարմնին:

Անդրադառնալով քաղաքաշինական խոշոր այլ ծրագրերին՝ փոխվարչապետը հավելել է, որ կառավարության որդեգրած քաղաքականությամբ խոշոր կառուցապատման ծրագրերը պիտի իրականացվեն մրցութային հիմքով՝ սկսած նախագծումից: Այդ պրակտիկան արդեն իսկ կիրառության մեջ է Կոնդ թաղամասի դեպքում, ինչպես նաև վերաբերում է Նորագյուղում նախապատրաստվող կառուցապատման ծրագրին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք փոփոխություններ են արվել նախագծում։ Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում և վերարժևորվելու են շենքերի բակային ճակատները: Իսկ հուշարձան-շենքերին հաջորդելու են 2-4 հարկանի շենքեր՝ փայտե պատշգամբներով, ինչի արդյունքում տվյալ տարածքում ստեղծվելու է նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր: Տարածքը եզրագծվելու է 250մ հետիոտնային ճանապարհով, որից այն կողմ արդեն կլինեն նորակառույց շենքերը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---