Նախագահը բուհերի ռեկտորների հետ քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթը

Նախագահը բուհերի ռեկտորների հետ քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթը

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մի շարք պետական բուհերի ռեկտորների հետ:

Ավելի վաղ ԵՊՀ-ն ու ԳԱԱ-ն նախագահին կոչ էին արել չստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը։

Հանդիպմանը մասնակցել են Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Ռուբեն Աղգաշյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթին: Բուհերի ռեկտորներն իրենց տեսակետներն ու մոտեցումներն են ներկայացրել փաթեթի վերաբերյալ:

Օրենսդրական փաթեթը նախագահ Արմեն Սարգսյանը քննարկել է նաև մի շարք բուհերի ռեկտորների և պատասխանատու պաշտոնյաների հետ:

Այս հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարտը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի վարչական հարցերով փոխնախագահ Աշոտ Ղազարյանը, Եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը, «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը, Հայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը:

Ապրիլի 8-ին Սարգսյանը նաև մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայի խորհրդի նիստին, որը հրավիրվել իր առաջարկությամբ՝ օրենսդրական փաթեթի վերաբերյալ խորհրդի անդամների տեսակետները լսելու նպատակով:

ԱԺ-ն ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը, որը նախագահը դեռ չի ստորագրել։ Ակադեմիկոսները ներկայացրել են իրենց մտահոգող բազմաթիվ այլ հարցեր: Հանրապետության նախագահի աշխատակազմին են փոխանցվել ԳԱԱ առաջարկությունները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---