Մահացել է հայտնի բարերար Հրայր Հովնանյանը

Մահացել է հայտնի բարերար Հրայր Հովնանյանը

PanARMENIAN.Net - 91 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանը:

Նրա մահվան կապակցությամբ մահախոսական է գրել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Բարերար Հրայր Հովնանյանի գործերի մասին գուցե ապագայում հատորներ գրվեն: Սակայն այսօր իսկ վստահաբար կարող ենք արձանագրել, որ, առանց Հրայր Հովնանյանի անձնուրաց մասնակցության՝ չէր կայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամը, 90-ականների արցախյան հերոսամարտում դժվար կլիներ հասնել այն հաջողություններին, ինչը պատմական իրողություն է, Հայաստանը չէր ունենա անվտանգության այն երաշխիքները, որոնք ապահովվեցին նախորդ 25-30 տարիների ընթացքում։

Այն դերն ու դերակատարությունը չէր ունենա ԱՄՆ Հայկական համագումարը՝ որը Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանության գործում ծանրակշիռ դերակատարություն է ունեցել և շարունակում է ունենալ, չէին իրականացվի տասնյակ այն ծրագրերը, որոնք վերաբերում են աղետի գոտուն, Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն, Արցախի շենացմանը, հայ սերնդի ապագային ու կենսական անհրաժեշտության այլ հիմնախնդիրների լուծմանը:

Այս թվարկումները կարելի է երկար շարունակել․․․

Սփյուռքահայերից շատերն են հայրենաշինության գործին իրենց մասնակցու¬թյամբ հարգանքի արժանացել: Հրայր Հովնանյանը նույնիսկ նրանց մեջ առանձ¬նա¬հատուկ դերակատարություն ուներ: Նա առաջին մեծահարուստ հայն էր, ով Հայաստանում իր տունն ու օջախը կառուցեց և բնակություն հաստատեց Մայր հայրենիքում:

Վազգեն Սարգսյանը հաճախ էր նրան ասում. «Հրայր, դու մեզանից ավելի հայ ես, ի՞նչ էինք անելու, եթե դու մեր կողքին չլինեիր»: Նա մայր հայրենիքի կողքին եղավ մինչև իր մահկանացուն կնքելը:

Գնաս խաղաղությամբ Մեծ հայ, անձնուրաց հայրենասեր, քո կյանքն ու գործը սրբագործված հուշարձան կդառնա հայ սերունդների համար»,-մասնավորապես ասվում է մահախոսականում։

Իսկ ինձ համար իմ մեծ եղբոր կորուստը դառնացած հոգուս մեջ դատարկության խոր վիհ բացեց...»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---