Քոչարյան․ Գերիներին Ադրբեջանում պահելը տարածքների հետ կապ չի կարող ունենալ

Քոչարյան․ Գերիներին Ադրբեջանում պահելը տարածքների հետ կապ չի կարող ունենալ

PanARMENIAN.Net - ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով գերիներին վերադարձնելու անհաջող փորձին, ասել է, որ նրանց Ադրբեջանում պահելը տարածքների հետ կապ չի կարող ունենալ։

«Գերիներով չէ, որ տարածքային խնդիրներ կարող են քննարկել»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը։

«Չգիտեինք, որ այդպես է լինելու։ Պայմանավորվածություն է եղել և խախտվել է, պատճառները հասանելի չեն: Հերթական անգամ հակառակորդը խաղի կանոններ է ուզում փոխել: Հրադադարի ռեժիմի մեջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրություններն են, այստեղ, գուցե, խնդիր է արծարծվում, որը խանգարում է գերիների վերադարձին», - նշել է Քոչարյանը:

Անդրադառնալով այն լուրերին, թե Բաքվից եկած ինքնաթիռով ադրբեջանա-թուրքական պատվիրակություն է եկել՝ պատգամավորն ասել է. «Շատ բան են խոսում: Դուք տեսե՞լ եք այդ պատվիրակությանը, պաշտոնական հաղորդագրություն եղե՞լ է»:

Նա նաև նկատել է, որ գերիների վերադարձի հարցը տեղի է ունեցելՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումից անմիջապես հետո:

«Դա քայլ էր, որտեղ երևաց, որ Ռուսաստանն իր մասնակցությունը փորձեց ներդնել խնդրի լուծման գործում: Դրանով է պայմանավորված, որ Մուրադովը գնացել էր ուղեկցելու», - նշել է Անդրանիկ Քոչարյանը:

Նա ընդգծել է, որ ինտուիցիայով հասկանում է՝ ինչ է կատարվում, բայց այդ մասին հնչեցնել չի կարող: Միայն նշել է, որ լուծելի խնդիրներ են:

Ապրիլի 8-ի երեկոյան պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---