Ասպիրանտուրայի ընդունելությունը` նախկին կարգով․ Դիմորդներն օտար լեզու և ինֆորմատիկա կհանձնեն

Ասպիրանտուրայի  ընդունելությունը` նախկին կարգով․ Դիմորդներն օտար լեզու և ինֆորմատիկա կհանձնեն

PanARMENIAN.Net - 2021-22 ուսումնական տարում ասպիրանտուրայի ընդունելությունն անցկացվելու է մինչ կորոնավիրուսային համավարակը եղած կարգավորումներով, տեղեկացնում է ԿԳՍՄ նախարարությունը։

Ըստ այդմ՝ ասպիրանտուրայի դիմորդները քննություն կհանձնեն «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաներից` ընդունելության համար ներկայացնելով ատեստավորման վկայական կամ դրան համապատասխան տեղեկանք:

Համավարակի տարածման ռիսկով պայմանավորված` անցյալ` 2020-21 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության կարգում կատարվել էր փոփոխություն․ ժամանակավորապես հանվել էր «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաներից ատեստավորման պահանջը:

Նշված փոփոխությունը տարածվում էր բացառապես 2020-21 ուսումնական տարվա ընդունելության գործընթացի վրա:

Մրցութային կարգով ասպիրանտուրա են ընդունվում մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցողները:

Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

• բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),

• «Օտար լեզու», «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),

• ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմանում,

• ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3×4 չափսի),

• քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

Ըստ մասնագիտությունների՝ պետության կողմից ասպիրանտուրայի ուսման վարձի փոխհատուցմամբ անվճար տեղերը հաստատելու վերաբերյալ նախագիծը ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի առաջիկայում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---