ՊՆ-ի մոտ հավաքվածների հետ խոսել է ոստիկանապետը

ՊՆ-ի մոտ հավաքվածների հետ խոսել է ոստիկանապետը

PanARMENIAN.Net - Ոստիկանապետ Վահե Ղազարյանը խոսել է Պն շենքի մոտ հավաքված անհետ կորածների և գերիների հարազատների հետ։ Նա ցուցարարներին փոխանցել է, որ նախարարությունը պատրաստ է ընդունել 10 ծնողի. այս առաջարկը չի ստացել հարազատների համաձայնությունը:

Անհետ կորածների ծնողներն ապրիլի 8-ի առավոտից շրջափակել էին Պաշտպանության նախարարության շենքը: Կեսգիշերին նրանց էին միացել նաև գերեվարվածների ծնողները:

Գերեվարվածի հոր փոխանցմամբ՝ ոստիկանապետն ասել է, որ ԳՇ պետը չի կարող բոլորին միաժամանակ ընդունել, կարող է 10-10 ընդունել, իսկ իրենք հրաժարվում են բաժանվել, ցանկանում են բոլորով հանդիպում ունենալ, գրում է «Առավոտը»։

«Այս հսկայական շենքում չկա՞ տեղ, որ բոլորիս ընդունեն: Երեկվանից մեզ բացարձակ ոչ ոք չի մոտեցել, չի խոսել: Եթե բավարար ջանքեր ներդնեին, մեր երեխաները վաղուց Հայաստանում կլինեին»,-ասել է նա:

Պնդմանը, թե գուցե վերջին պահին Ադրբեջանը չի տվել գերիներին՝ ցուցարարն արձագանքել է. «Թող իրենք էլ Քարվաճառը չտային, տալուց առաջ թող մեր երեխեքին բերեին: Ամիսուկես ծառայած միակ 18 տարեկան տղայիս հանել են դիրքեր, Ադրբեջանից զանգ եմ ստացել, ասել են, որ երեխես իրենց մոտ է: Դիմել եմ ԱԱԾ-ին, թող պարզեն»:

Ավելի վաղ անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում ասել էր, որ մեկ օր է ՊՆ շենքի մոտ են, սակայն ոչ ԳՇ պետն է իրենց մոտեցել, ոչ էլ նախարարը։

«Դուք քայլեր արեցիք, որոնք ձեզ երբեք չեն ներվելու: Ով որ այս երկրում առհամարում է զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներին, ինքն այս երկրի կողմից այնպես կարհամարհվի, որ կմղկտաք»,-ասել է Ղուկասյանը։

Ապրիլի 8-ի երեկոյան պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---